Մատչելիության հղումներ

Առաջիկա գիշերվա ընթացքում «նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ»


Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:

Ըստ հաղորդագրության, մարտի 20-ին լեռնային գոտում և նախալեռնային տարածաշրջաններում դիտվել են ձյան տեսքով տեղումներ` որոշ հատվածներում առատ, իսկ ցածրադիր գոտում` հիմնականում անձրևի տեսքով։

Նախարարությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալները, նշում է, որ Արմավիրում օդում արձանագրվել է -4, Արտաշատում` -2, Արարատում` 0-ին մոտ, Արենիում` -2, Բագրատաշենում` -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճաններ:

Ըստ հաղորդագրության, Արմավիրի մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ցածր ջերմաստիճանի հետևանքով ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկերն ու նոր բացվող բողբոջները։

«Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել` բացառությամբ մի քանի համայնքների: Մեղրու տարածաշրջանը չի տուժել, թույլ վնասներ կան Տավուշի և Լոռու մարզերում: Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը և մի քանի համայնքներ: Կոտայքի, Արագածոտնի մարզերի համայնքներում ծիրանենին դեռևս հիմնականում գտնվում է բողբոջի փուլում», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը փոխանցում է, որ այս պահին դեռևս դժվար է վնասների վերաբերյալ ամբողջական ու ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել: Առաջիկա գիշերվա ընթացքում նույնպես կանխատեսվում են ցրտահարություններ, այնուհետև` ջերմաստիճանի զգալի բարձրացում:

«Ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ: Արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG