Իրանի երկու առաջնորդները բոլորովին տարբեր հեռանկարներ են ներկայացրել՝ իրանական Նոր տարու՝ Նովրուզի առթիվ խոսելով երկրի տնտեսական զարգացման մասին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել հույսը սեփական տնտեսության վրա դնել, մինչդեռ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այլ երկրների հետ համագործակցությունը տնտեսական աճի հիմնական բանալին է։
Խամենեին ասել է՝ օտարերկրյա ներդրումները կարող են օգնել, եթե դրան օգտագործվում են տեղական արտադրությունը զարգացնելու համար: Հոգևոր առաջնորդի ուղերձից անմիջապես հետ հեռարձակվել է Ռոհանիի ուղերձը, ով ասել է․- «Երկրի ներսում համագործակցության ու ջանքերի, աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության արդյունքում մեր տնտեսությունը կարող է ծաղկել և զարգանալ»:
Իրանի միջուկային ծրագրի պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարվեցին հունվարին՝ Թեհրանի և աշխարհի գերտերությունների միջև 2015 թվականի հուլիսին ստորագրված պատմական համաձայնագրի արդյունքում: