Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակամարտող կողմերի միջև իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված:
«Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2 հազար 400 կրակոց։ Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր», - ասված է հաղորդագրությունում:
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նշում է, որ «սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին»:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն», - ասված է հաղորդագրությունում: