Մատչելիության հղումներ

Ցրտահարության հետևանքով որոշ շրջաններում ծիրանենու այգիները վնասվել են


Ծաղկած ծիրանենիներ, արխիվ
Ծաղկած ծիրանենիներ, արխիվ

Գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով անցած գիշեր գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական դիտարկումների արդյունքում արձանագրված իրավիճակը:

Հաղորդագրության համաձայն՝ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի վնասվածություն, Արտաշատի տարածաշրջանում առկա է մասնակի, առանձին համայնքներում` ուժեղ, Մասիսի տարածաշրջանում՝ մասնակի, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում)՝ ուժեղ վնասվածություն:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում), Արմավիրի տարածաշրջանում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում արձանագրվել է ուժեղ վնասվածություն:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում Արենի գյուղում արձանագրվել է ուժեղ, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն, Վայքի տարածաշրջանում հիմնականում վնասներ չեն գրանցվել:

Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում, հետագա օրերին չի բացառվում իրավիճակի փոփոխություն, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG