Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, այն վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, կանդրադառնան միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին: