Նիկոսիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ ներկա է գտնվել այդ երկրի արտգործնախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը:
1958 թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հայաստանի նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին:
Անաստասիադեսը ասել է, որ խաչքար հուշարձանն արտացոլում է հայ և կիպրացի ժողովուրդների, երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Կիպրոսի միջև անքակտելի կապը: «Մեր ժողովուրդները, որ զոհ են դարձել նույն հանցագործություններին, պայքարել և պայքարում են միջազգային ասպարեզում հանուն իրենց իրավունքների և արժեքների պահպանման: Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այդ ոճրագործությունը: Մեր երկրներն ու ժողովուրդները, իմ ընկեր`Հայաստանի Հանրապետության պարոն Նախագահ, հավատարիմ են միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, խաղաղությամբ խնդիրների լուծմանը և իրենց ապագան որոշում են` հարգանքով վերաբերվելով մարդու իրավունքներին», - հայտարարել է Կիպրոսի նախագահը՝ շարունակելով․ - «Հայ ժողովրդի այն զավակները, որոնք հարյուր տարի առաջ ցեղասպանությունից փախչելով հաստատվեցին Կիպրոսում, այսօր Կիպրոսի հասարակության ակտիվ և շատ կարևոր մաս են կազմում` միևնույն ժամանակ պահպանելով իրենց լեզուն, ինքնությունը, ավանդույթները և հարգանքով վերաբերվելով իրենց ծագմանը, իրենց երկրին ու նաև այն երկրին, որն ընդունեց իրենց: Մենք հպարտ ենք, որ նրանք մեր հասարակության մաս են կազմում»:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Հայ ժողովրդի հոգևոր արժեքների և քրիստոնեական ոգու խորհրդանիշ դարձած արվեստի այս գլուխգործոցը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում: Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված է ավելի քան 10 հազար խաչքար, և դրանցից յուրաքանչյուրը եզակի է իր հորինվածքով և տարբերվող զարդանախշերով»:
«Պատմության ընթացքում արարված յուրաքանչյուր խաչքար խոսում է առանց բառերի, պատմում՝ մեր պատմության փառապանծ էջերի ու ձախողումների մասին, վերելքների ու անկումների մասին: Դրանց շարքերում կան այնպիսիք, որ ցայսօր կանգուն են մայրենի հողում՝ որպես Հայոց պետականության դարավոր վկաներ, կան այնպիսիք, որ սփռված են աշխարհի տարբեր երկրներում՝ կրելով մեր ազգի հիշողությունը: Կան և այնպիսիք, որ մարտնչել են զինվորների պես, ինչպես ավերումից փրկված արցախյան խաչքարերը: Եղել են, ցավոք, և այնպիսիք, որոնք ոչնչացվել են բարբարոսաբար, ինչպիսիք են Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում ոչնչացված 3000 խաչքարերը: Այստեղ տեղադրված այս հիասքանչ նմուշը կրկնօրինակն է ոչնչացված այդ խաչքարերից մեկի, որը թվագրվում է 16-րդ դարին: Այն ոչնչացվել է, բայց վերածնվել՝ ոչնչացվել է քարը, բայց ոչ երբեք խաչը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: