Այսօր երեկոյան ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության մոտ մեկ տասնյակ անդամների, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել «Ոչ բռնապետությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով:
«Մենք լուռ, առանց բառերի՝ ոչ մի ձայն չենք հանել, ոչ մի ճանապարհ չենք փակել․ հրապարակի կենտրոնում էինք, որտեղ ոչ մեքենա է անցնում, ոչ երթևեկելի վայր է, որ խանգարենք: Որևէ բան չենք արել, ոստիկաններին չենք պատասխանել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Անահիտ Խաչատրյանը, ում բերման ենթարկելուց ոչ շատ անց ազատ էին արձակել:
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բերման ենթարկվածների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար: