Մատչելիության հղումներ

Անկարայի պայթյունի ենթադրյալ հեղինակն, ըստ մամուլի, կապ է ունեցել ՔԲԿ-ի հետ


Մասնագետները աշխատում են պայթյունի վայրում, Անկարա, 14-ը մարտի, 2016թ.
Մասնագետները աշխատում են պայթյունի վայրում, Անկարա, 14-ը մարտի, 2016թ.

Թուրքական մամուլի հաղորդումների համաձայն՝ երեկ երեկոյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակի շրջակայքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն, ամենայն հավանականությամբ, Քուրդիստանի բանվորական կուսակցությունն է (ՔԲԿ, PKK)։ Իշխանությունները, սակայն, դեռ պաշտոնապես չեն հաստատել այս վարկածը։

Դեպքի վայրում իրավապահների անցկացրած ուսումնասիրությունները մատնանշում են, որ պայթյունը իրականացրած մահապարտը Բալըքեսիրի համալսարանի ուսանողուհի Սեհեր Չաղլա Դեմիրն է: Նա Անկարա է եկել մի տղամարդու հետ 5 օր առաջ` Շանլըուրֆայից գողացված մեքենայով, որի միջոցով էլ իրականացրել է նախօրեի պայթյունը: Թուրքական «Միլիյեթ»-ի հաղորդմամբ` ահաբեկչության ենթադրյալ մեղավորի և նրա չորս ընկերուհիների նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-ի) հետ առնչություն ունենալու մեղադրանքով:

Թուրքական ոստիկանությունը, գնալով պայթեցված մեքենայի հետքերով, հատուկ գործողություններ է իրականացրել Շանլըուրֆա նահանգում` ձերբակալելով 4 մարդու: 15 հոգի էլ ձերբակալվել է Մարդին և Հաքյարի նահանգներում:

Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ` Անկարայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, 100-ից ավելի վիրավորներ կան, շուրջ երկու տասնյակի վիճակը ծանր է գնահատվում:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, միասնության կոչ է արել:

«Թող մեր քաղաքացիները չանհանգստանան, մեր պետությունը իմաստուն թուրք ազգի օգնությամբ ծնկի կբերի ահաբեկչական ուժերին, որոնք ուղղված են առաջին հերթին մեր ժողովրդի միասնության ու եղբայրության դեմ»,- հայտարարել է Էրդողանը:

Ահաբեկչությունից հաշված ժամեր անց թուրքական ռազմաօդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի բանվորական կուսակցության դիրքերի ուղղությամբ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` թուրքական օդուժին պատկանող F-16 և F-4 տիպի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել Քանդիլի և Գարայի քրդական դիրքերին:

Վերջին կես տարում սա արդեն երրորդ ահաբեկչությունն է Թուրքիայի մայրաքաղաքում: Անցած տարվա հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունը 109 մարդու կյանք էր խլել: Մեկ ամիս առաջ էլ մայրաքաղաքի սրտում իրականացված ահաբեկչության հետևանքով 28 մարդ էր զոհվել` հիմնականում բարձրաստիճան զինվորականներ:

Անկարայի ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Տեղի ունեցած ողբերգությանը արձագանքել է նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և մի շարք երկրների առաջնորդներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ղեկավարությունը ցավակցական ուղերձներ են հղել Թուրքիային:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերում գրառմամբ ցավակցություններ է փոխանցել ահաբեկչության զոհերի ընտանիքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG