Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը զգուշացնում է սպասվող ցրտերի մասին


Մարտի 18-ի և 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում օդում հնարավոր է -2... -3, հողի մակերևույթին` -4...-5 աստիճան ցուրտ, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը՝ վկայակոչելով «Հայպետհիդրոմետ» ծառայությունը։

Նախարարությունը նշում է, որ ներկայումս Արարատյան հարթավայրում և Մեղրու տարածաշրջանում ընթացքի մեջ է ծիրանենու ծաղկումը, ուռչել են կեռասենու, դեղձենու և այլ կորիզավորների բողբոջները, Տավուշի մարզի ցածրադիր հատվածներում ծաղկել են նշենին, վաղահաս դեղձենին, սալորենու որոշ տեսակներ և այլն:

«Նշված ջերմաստիճանային ռեժիմի գրանցման դեպքում կարող են վնասվել ծաղկած այգիները, մասամբ` նաև ծառերի ուռչած բողբոջները: Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին` այգիների հարակից ճանապարհների վրա քամու ուղղությամբ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, ծառի ճյուղերի, արքադի, աթարի և այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ ըստ Ցելսիուսի 0 աստիճանի` այրել (ծխեցնել) նշված կույտերը` ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով», - ասված է գյուղնախարարության հաղորդագրությունում՝ նշելով, որ սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, նախարարությունը խորհուրդ է տալիս սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել:

«Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի խորհուրդ է տրվում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում` ապահովելով դրական ջերմաստիճանային պայմաններ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG