Մատչելիության հղումներ

Բելգիայի և Ֆլանդրիայի խորհրդարանականները կայցելեն Ղարաբաղ


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Բելգիայի և Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաև Լեռնային Ղարաբաղում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահ Կարլ Վենլաուվեին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և ելույթի համար, ինչպես նաև՝ Ֆլանդրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, Բելգիայի խորհրդարանին՝ Ցեղասպանության դատապարտման վերաբերյալ դիրքորոշման վերահաստատման համար: Կարևորելով ցեղասպանությունների դատապարտման հարցում երկակի ստանդարտների մերժումը և ցեղասպանությունների միջազգային դատապարտումը՝ Ազգային ժողովի փոխնախագահը նշել է, որ չդատապարտվող ոճիրները, ինչպես ցույց է տվել անցած հարյուրամյակի պատմությունը, ծնում են նոր ոճիրներ: Նրա խոսքով՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ մարդկության համար, ինչի վկայությունն են այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:

Շարմազանովը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատրաստակամության համար, և այն համարել լավ առիթ՝ սեփական աչքերով տեսնելու զարգացող ժողովրդավարությունը: Նա վերահաստատել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վրա, որոնցից երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է և խեղաթյուրելով խնդիրը՝ փորձում է տարբեր բանաձևեր անցկացնել տարբեր միջազգային կառույցներում:

Կարլ Վենլաուվեն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելությունն ունի հստակ նպատակ. նախատեսվում է իրականացնել ծրագիր, ըստ որի ֆլամանդական և Ղարաբաղի մի շարք դպրոցներ կհամագործակցեն ու կիրականացնեն մի շարք աշխատանքներ: Ըստ նրա, դա կլինի բարեկամ Ֆլանդրիայի փոքրիկ քայլը՝ Ղարաբաղը դուրս բերելու շրջափակումից:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին՝ Ֆլանդրիայի խորհրդարանի փոխնախագահն իր և գործընկերների անունից կարևորել է մարդու իրավունքների պաշտպանությունը և այս համատեքստում՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG