Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալները երեկ քիմիական հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքի մերձակայքում՝ վերջին օրերին նմանատիպ արդեն երկրորդ հարձակումը: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, Թազա ավանի վրա քիմիական հարձակման հետևանքով մահացել է տեղի շիա մահմեդական զինյալներից մեկի երեքամյա դուստրը, շուրջ 600 մարդ վիրավորվել են: Նրանց մոտ արձանագրվել են այրվածքներ, շնչահեղձություն և ջրազրկում:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երեկ Թազայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «հարձակումները անպատիժ չեն մնա»: Թազան Իրաքի քրդերի վերահսկողության տակ է գտնվում: