Անցած գիշեր Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին: Այդ մասին հայտնի դարձավ Հայաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունից:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ավտովթարի կապակցությամբ կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վթարի պահին ավտոմեքենայում գտնված 5 անձանցից 3-ը եղբայրներ են, որոնցից մեկը՝ Ռուսլան Հարությունյանը մահացել է, իսկ Ռոման և Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Կատարվել է դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված և դեֆորմացված վիճակում: Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը և բոլոր ուղևորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ», - ասված է հաղորդագրությունում։
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։