Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անակնկալ այցով եղել է Զինված ուժերի զորամասերից մեկում։
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, նախարարը ծանոթացել է զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությանը, հետևել անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացման, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:
Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում են եղել նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, դասացուցակների և, ընդհանուր առմամբ, ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախաճաշել է զորամասի զինծառայողների հետ, սննդի հետ կապված իր գոհունակությունն է արտահայտել ճաշարանի ստուգման մատյանում:
Հանկարծակի ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է մի շարք խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: