Մատչելիության հղումներ

Փաստաբանները անհամապատասխանություն են տեսնում Երազգավորսի բնակչի ցուցմունքներում


Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով որպես վկա ներգրավված սահմանապահների ու Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Հլղաթյանի հարցաքննությունը։

Հլղաթյանը պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը մեքենայով անցել է հայ-թուրքական սահմանի մոտով, հեռվից նկատել վառվող լույս և ինչ-որ անձի: Նա ասաց, որ լսել է նաև կրակոցներ ու մտածել, որ տարածքում որսորդներ են, նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում:

Մեղադրող դատախազի հարցերին, թե հիշո՞ւմ է՝ ինչ է գրել նախաքննական ցուցմունքում, արդյոք այն, ինչ այսօր ասաց, համապատասխանո՞ւմ է նախաքննական ցուցմունքին, և հնարավո՞ր է՝ որևէ մեկը ստիպել է ինչ-որ բան գրել, Երազգավորսի բնակիչը պատասխանեց, որ չի հիշում՝ ինչ է գրել մեկ տարի առաջ։

Մեղադրող դատախազի առաջարկով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում Հլղաթյանը պատմում է, թե հայ-թուրքական սահմանի մոտ նկատել է հավաքված անձանց, հարևան Աշոտ Ալեքսանյանի հետ մոտեցել ու հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում, ու նկատել Վալերի Պերմյակովին, ում նստեցնում են «Վիլիս» մակնիշի մեքենա:

Փաստաբանները էական անհամապատասխանություն նկատեցին վկայի նախաքննական ու դատարանում տված ցուցմունքներում:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հետաքրքրվեց, թե մեկ տարի առաջ, ցուցմունք գրելիս, քննիչը հարցեր տվե՞լ է, և որտե՞ղ է տեղի ունեցել հարցաքննությունը: Հլղաթյանը պատասխանեց, որ իրեն հարցաքննել են Ախուրյանի քննչական բաժնում, իսկ ցուցմունքը սղագրել է քննիչը։

Իսկ գործով վկա, սահմանապահ ջոկատի ավագ վարորդ Մամիկոն Հարությունյանը պատմեց, որ հունվարի 12-ի գիշերը իրեն հրամայել են մեքենան մոտեցնել շտաբի շենքին՝ Երազգավորս գնալու նպատակով։ «Նախքան հասնելը մեզ ոստիկաններն են կանգնեցրել։ Գնդապետ Մերզլիկինն իջավ, խոսեց, եկավ, գնացինք սահմանի մոտ, 20 րոպե հետո բերեցին ամբաստանյալին: Հետո էդ սահմանով՝ Ախուրիկով, հետ ենք եկել։ Իսկ հետո հրաման տվեցին, որ գնամ հերթապահության վայր», - պատմեց Պերմյակովին հայ-թուրքական սահմանի տարածքից դեպի սահմանապահ զորամաս տեղափոխած մեքենայի վարորդը:

Նույնպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հետաքրքրվեցին՝ արդյո՞ք զորամաս վերադառնալիս ճանապարհին հայ ոստիկանների չի նկատել: Վկան պատասխանեց, որ ոստիկանների չի հանդիպել:

Արթուր Սաքունցի հարցին, թե սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկինը մեքենայում ի՞նչ հարցեր է տվել Պերմյակովին, Մամիկոն Հարությունյանը պատասխանեց. - «Լսել եմ, որ հարցնում էին, թե որտեղ է զենքը։ Պերմյակովն էլ ասաց, որ պահել է, բայց տեղը կասի»։

Զորամասը լքելու մասին Պերմյակովին տրված հարցի պատասխանը վկան չէր հիշում։

Դատական նիստի ավարտին, երբ հերթը հասավ միջնորդություններին, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներից Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի դատարանը ապահովի այն 6 զինծառայողների ներկայությունը, ովքեր անմիջապես ծառայել են Պերմյակովի հետ:

Առավել կարևոր վկաներից է Անդրեյ Նիկիշինը, ով Չիտայից Պերմյակովին Գյումրի է բերել և եղել է վերջինիս անմիջական հրամանատարը: Դատարանը արդեն հրապարակել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովի գրությունը, ըստ որի Նիկիշինը հեռացվել է ՌԴ զինված ուժերից, իսկ մնացած զինծառայողները հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից: Հենց վերջիններիս ներկայությունն ապահովելու միջնորդություն ներկայացվեց:

Դատարանը որոշեց, որ բացակա վկաների գտնվելու վայրերը կճշտի և համապատասխան միջոցներ կձեռնարկի նրանց դատարան ներկայանալու համար: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG