Մատչելիության հղումներ

Ագրամունտը կրկին խոսում է «Ղարաբաղի օկուպացիայի» մասին


ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը (աջ) հանդիպում է բանտում գտնվող Իլգար Մամեդովի հետ։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը (աջ) հանդիպում է բանտում գտնվող Իլգար Մամեդովի հետ։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահն ամփոփում է այդ պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը, որի ուղղությունն Ադրբեջանն էր։

Իսկ թե ինչու առաջինը Ադրբեջան, Ագրամունտը պարզաբանել էր՝ «քանի որ այդ երկիրը հատուկ կարևորություն ունի իր համար»։ Այս մասին նա հայտարարել էր այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Փետրվարի 29-ից մարտի 2-ը Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահը բացի Ադրբեջանի քաղաքական իշխանություններից հանդիպել է նաև պատգամավորների, ինչպես նաև իրավապաշտպանների և լրագրողների հետ։

Պեդրո Ագրամունտին թույլատրել են այցելել նաև 2013 թվականից բանտում գտնվող «Ռեալ» քաղաքացիական շարժման առաջնորդ, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Բաքվում գործող Քաղաքագիտական դպրոցի ղեկավար Իլգար Մամեդովին։ Ագրամունտը, ով ժամանակին եղել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցողը, արդեն ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այցելելով Ադրբեջան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, տեղի իշխանությունների հետ քննարկել է ոչ այնքան բանտերում գտնվող լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների ճակատագիրը, ինչի մասին վերջին երկու տարում բարձրաձայնում էր Եվրոպայի խորհուրդը, այլ ղարաբաղյան հակամարտության հարցը։

Չունենալով հակամարտությունների կարգավորման որևէ մանդատ՝ ԵԽԽՎ-ն նախագահող իսպանացի քաղաքական գործիչը, ամփոփելով այցի արդյունքները, կրկին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիայի խնդիրը պետք է լուծվի»։

Այս մասին ԵԽԽՎ նախագահը խոսել է թե՛ իր այցի նախօրեին տված հարցազրույցի ժամանակ և թե՛ նախագահ Ալիևի, ապա նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ընթացքում, չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը մի քանի անգամ կոչ է արել ԵԽԽՎ-ին բանակցային գործընթացին չմիջամտել և չվնասել այն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ագրամունտի ղեկավարած կառույցի կողմից առաջարկվող բարեփոխումներին, ԵԽԽՎ նախագահը նշում է, թե հավատում է Ադրբեջանում սպասվող փոփոխություններին։

«Ես հավատում եմ, որ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների բարելավման շրջադարձային որոշման շեմին է»,- ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում հավաստիացնում է Ագրամունտը։

Ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատել էին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը և այդ կառույցի բանաձևերը «ինչ-որ թղթի կտոր» էին որակել։ Սակայն Ագրամունտին հույս են ներշնչել Ադրբեջանում անցկացրած իր բանակցությունները։

«Ես ոգևորված էի անկեղծ և բաց քննարկումներով իմ բարձրաստիճան զրուցակիցների հետ օրենքի գերակայության և մարդու իրավունքների թեմաների շուրջ, որոնք ես բարձրացրել եմ տեղացի լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների և Բաքվում աշխատող դեսպանների հետ հանդիպումներից հետո»,- ասել է Պեդրո Ագրամունտը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG