Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Տարեցտարի ավելացնում ենք առողջապահության ոլորտի ֆինանսավորումը»


Բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի բացման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աբրահամյանը նշել է, որ միջազգային համաժողովի անցկացումը վկայում է այն մասին, որ բժշկությունը սահմաններ չի ճանաչում, և առողջության պահպանման համար պետք է մեկտեղել ջանքերը։

«Մեր երկրի հնարավորությունների սահմաններում տարեցտարի ավելացնում ենք ոլորտի ֆինանսավորումը։ Լիահույս եմ, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, կհստակեցվեն դրանց հաղթահարման մոտեցումներն ու դիրքորոշումները։ Որպես Հայաստանի վարչապետ՝ ողջունում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալու ձեր պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ ստորագրված փաստաթուղթը լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետևաբար և առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման գործում», - եզրափակել է վարչապետը։

Մարտի 1-2-ը Երևանում անցկացվող միջազգային նախարարական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարը, ինչպես նաև առողջապահության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

«Համաժողովի նպատակն է` վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել դրանց լուծման համընդհանուր մոտեցումներ, բարձրաձայնել այս ոլորտում առկա մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG