Մատչելիության հղումներ

Վերջնաժամկետի ավարտին ընդդիմադիրները ծանոթ չեն նոր ԸՕ-ի նախագծի բովանդակությանը


Քննարկում Ընտրական նոր օրենսգրքի շուրջ, 29-ը փետրվարի, 2016թ.
Քննարկում Ընտրական նոր օրենսգրքի շուրջ, 29-ը փետրվարի, 2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ամենաուշը վաղը՝ մարտի 1-ին, Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը պետք է ներկայացվի խորհրդարան: Մինչև վերջին օրը, սակայն, ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը փաստաթղթից մի տող անգամ չեն կարդացել:

Չնայած հրավերին՝ հանրապետականներ Դավիթ Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը չէին ներկայացել քննարկմանը` հստակեցնելու, թե ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ո՞ր առաջարկներն են տեղ գտել նոր օրենսգրքում: Լևոն Զուրաբյանը գիտի՝ ինչու են առանց հայաստանյան քննարկումների նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել։

«Թիկունքը ամրապնդեն, ստանան նախնական իրենց նախագծի համար ինչ-որ դաբրոներ, որից հետո այլևս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն ընդդիմությանը կամ հասարակությանը։ Սա իրենց տակտիկան է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անազնիվ են, նրանք խարդախ են, նրանց մտքում է նորից ընտրությունների կեղծումը»,- հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շարունակում է՝ ո՞ւր մնացին իշխանության հայտարարությունները, թե բաց են համագործակցության համար.- «Արդեն այս պահից սկսած արձանագրում ենք, որ իշխանությունները չեն ապահովում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ներառական գործընթաց ապահովելու կարևոր հանձնարարականը»։

Սաքունցին, սակայն, լուրեր են հասել, որ նոր օրենսգրքով հնարավոր է ռեյտինգային քվեարկություն սահմանվի, երբ ընտրակարգը թեև համամասնական է, բայց հնարավոր է ցուցակից կոնկրետ անունների ձայն տալ։

«Դա լինելու է ամենախայտառակ ընտրական օրենսգիրքը։ Ինքը անունով կոչվում է պառլամենտական, բայց էությամբ լինելու է մեծամասնական։ Այսինքն հանրապետության տարածքը բաժանելու են օլիգարխ-ֆեոդալների ազդեցության տարածքների, և ով այդտեղ շատ ձայն հավաքեց, ինքը ցուցակում գրավելու է առաջին տեղը»,- ասաց իրավապաշտպանը։

Ընդդիմադիրների ու քաղհասարակության գլխավոր պահանջն է հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները։ ՀԱԿ-ը հիշեցնում է, որ փորձագետներն էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջին զեկույցում չէին առարկել։

«Դա կիրառվել է դեռ սովետական ժամանակներից մինչև 2003 թվականը, և ոչ մեկի համար պրոբլեմ չի ստեղծել, ոչ ոք դրանից չի բողոքել, հասարակությունը չի ասել՝ «կներե՛ք, մեր մասնավոր կյանքի գաղտնիքներ եք բացում»։ Նման բան չի եղել, հիմա էլ չկա»,- ասաց Լևոն Զուրաբյանը։

Ընտրողների ստորագրած մատյանների գաղտնազերծմանը կողմ է նաև «Օրինաց երկիրը»։ «Քվեարկության մասնակցության գաղտնիությունը ո՞րն է։ Երբ Հովհաննես Մարգարյանը մոտենում է ընտրատեղամաս, վերցնում է քվեաթերթիկը, նկարահանում են իրեն։ Իշխանությունները ինչ պատճառ ասես չբռնեցին, որովհետև սա լավագույն տարբերակն էր քողարկելու կրկնակի քվեարկությունները»,- ասաց Հովհաննես Մարգարյանը։

Այսօրվա քննարկմանը չեկած Դավիթ Հարությունյանն ավելի վաղ հակադարձել էր այս պահանջին՝ հիշեցնելով, որ վստահված անձը բողոքարկելիս ցուցակից քաղվածք անելու հնարավորություն ունի: Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը տարակուսած է՝ ի՞նչ քաղվածք, եթե անգամ լուսանկարել չի կարելի։ «Գիտեք սատանան որտեղ է ապրում սովորաբար։ Հիմա քաղվածքի չափը ինչքա՞ն է, պարո՛ն Հարությունյան, պարո՛ն Հանրապետական կուսակցություն։ Մեր դիտորդներին ծեծել են այն տեղամասերում, որոնք փորձել են նայել ցուցակները նույնիսկ, ոչ թե արտագրել, այլ պարզապես նայել»,- շեշտեց նա։

Այժմ քննարկվում է ձևավորել միասնական ճակատ, որը երեք-չորս դրույթ կպարտադրի իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG