Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի Բարձրաստիճան սեգմենտում:
Ելույթում, որի տեքստը տարածել է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, Նալբանդյանը, մասնավորապես, անդրադարձել է Մերձավոր Արևելքում բռնությունների աճին՝ «ԴԱԻՇ»-ի («Իսլամական պետություն»), «Ալ-Նուսրա»-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին և հիշեցրել, որ սիրիական հակամարտության հետևանքով շուրջ 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում, որը դարձել է բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունող ամենամեծ երրորդ պետությունը Եվրոպայում:
Նալբանդյանն անդրադարձել է նաև ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին և հիշեցրել, որ 2015-ի մարտին Մարդու իրավունքների խորհուրդը Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև։ Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք Հայաստանի հետ միասին համահեղինակեցին բանաձևը և աջակցեցին նրա ընդունմանը:
Մարդու իրավունքների ոլորտում միջազգային դաշնագրերի ընդունման 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ զույգ դաշնագրերի առաջին հոդվածում նշված է․ - «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Նալբանդյանը հիշեցրել է, որ այդ իրավունքը ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մեջ, և ընդգծել, որ Հայաստանը լիովին կիսում է այդ մոտեցումը, քանի որ, ըստ էության, առանց այս իրավունքի ազատ և լիարժեք իրականացման, մարդու իրավունքների մի ամբողջ շարք դառնում է անհասանելի, իսկ տևական խաղաղությունը՝ վտանգված:
«Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Հայաստանը խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորումը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է: Այս դեպքերը պահանջում են միջազգային կառույցների անհապաղ արձագանքը», - նաև ասել է նա:
Արտգործնախարար Նալբանդյանը նաև անդրադարձել է Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորություններին և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգում տեղի ունեցած նոր զարգացումներին և այդ համատեքստում հիշատակել դեկտեմբերին Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեն՝ նշելով, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումները Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից բնութագրվել են որպես «չափազանց բարձր մակարդակի» և «միջազգային չափանիշներին համապատասխան»:
«2015թ. Հայաստանն անցել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման երկրորդ փուլը: ՀՊԴ-ից և ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներից բխող առաջարկությունների հաջող իրականացումն առավել ամրապնդելու է Հայաստանի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում և նպաստելու օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը», - իր ելույթը եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը: