Մատչելիության հղումներ

Բարեփոխականների տպավորիչ հաղթանակը Իրանի ընտրություններում


Իրանի քաղաքացին ընթերցում է ընտրությունները լուսաբանող «Շարղ» թերթի հոդվածները, Թեհրան, 26-ը փետրվարի, 2016թ.
Իրանի քաղաքացին ընթերցում է ընտրությունները լուսաբանող «Շարղ» թերթի հոդվածները, Թեհրան, 26-ը փետրվարի, 2016թ.

Իրանի խորհրդարան է ընտրվել երկու հայ պատգամավոր։

Փորձագետների խորհրդի ներկայիս ղեկավարը պարտվել է

Իրանում անցած ուրբաթ օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն, նախագահ Հասան Ռոհանիի առաջնորդած բարեփոխականները Կրոնական փորձագետների (ըստ Իրանի հայկական մամուլի` Կրոնական բանիմացների) խորհրդում շահել են տեղերի 59 տոկոսը և հզոր լծակներ ունեցող այդ կառույցում կունենան 52 տեղ։

Կրոնական փորձագետների խորհուրդը ընտրում է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդին և հսկում նրա աշխատանքը։ Այսօր առաջնորդը 76-ամյա այաթոլա Ալի Խամենեին է, ով 1989 թվականից ղեկավարում է երկիրը։

Նախագահ Ռոհանին, ինչպես նաև նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ընտրվել են այդ խորհրդի կազմում։ Մինչդեռ, Կրոնական փորձագետների խորհրդի ներկայիս նախագահ, կարծր դիրքորոշում որդեգրած այաթոլա Մոհամադ Յազդին և նրա հզոր դաշնակից այաթոլա Թաղի Մեսբահ Յազդին այս անգամ չեն ընտրվել:

Բարեփոխականներ համարվող քաղաքական գործիչները նաև 30 տեղ են ստացել Մաժլիսում` 290-տեղանոց խորհրդարանում։ Եվս 50 տեղերի խնդիրը կլուծվի ապրիլին կայանալիք լրացուցիչ ընտրություններով։

Խանլարյանը և Աբրահամյանը` Իրանի օրենսդիրներ

Թեհրանում հրատարակվող «Ալիք» պարբերականի խմբագիր Դերենիկ Մելիքյանը հաղորդեց, որ Թեհրանի և Հյուսիսային շրջանից խորհրդարան է ընտրվել դոկտոր Կարեն Խանլարյանը, իսկ Հարավային շրջանից (Սպահանի և Հարավային Իրանի հայությունը) ընտրվել է Ժորժ Աբրահամյանը։

Խոսելով հայ-իրանական կապերի մասին՝ Մելիքյանը նշեց, որ երկու հարևան երկրները տասնամյակներ շարունակ ունեն բարեկամական հարաբերություններ։

«Անկախ այն բանից, թե ով է ղեկավարել երկիրը` Իրանը միշտ բարձր է գնահատել լավ կապերը Հայաստանի հետ։ Իսկ միջազգային հարթակներում, տարբեր ասպարեզներում Իրանին չվրդովեցնելու, Իրանի նկատմամբ բարյացակամ քաղաքականություն վարելու Հայաստանի դիրքորոշումը մշտապես գնահատվել է որպես հարևանի դրական կեցվածք», - ասել է Մելիքյանը։

Արդյո՞ք բարեփոխականների հաջողությունն անպայման կհանգեցնի Իրան - Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավման։

Գերագույն ղեկավարն Արևմուտքի հանդեպ ունի վերապահումներ

Մելիքյանի փոխանցմամբ, Իրանը պատժամիջոցների չեղարկումից հետո արդեն «բաց դռների» քաղաքականություն է վարում, և փետրվարյան ընտրությունները կարող են որոշակի առումով նպաստել Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը։

«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Մարտո Սողոմի փոխանցմամբ, Իրանում իշխանության համակարգը հիմնված է տարբեր բևեռների վրա։ Գերագույն հոգևոր առաջնորդը, ինչպես նաև նրան սատարող Հեղափոխության պահապանների խորհուրդը, զինվորականները որոշակի վերապահումներ ունեն Արևմուտքի հետ կապերի բարելավման հարցում։

Իրանի համար կարևոր է Հայաստանի անկախ քաղաքականությունը

Ըստ Մարտո Սողոմի, այս ընտրությունները ուղղակի ազդեցություն չեն գործի հայ-իրանական հարաբերությունների վրա, քանի որ դրանք առանց այն էլ պատշաճ մակարդակի վրա են։

«Իրանի տեսակետից, Հայաստանը շատ կարևոր ռազմավարական գործոն է, երկիր, որը գտնվում է Իրանի, Արևմուտքի և Ռուսաստանի ազդեցության գոտիների սահմանին, ուստի, Իրանի համար խիստ կարևոր է, որ Հայաստանը միանշանակ չընտրի այս կամ այն բևեռը և վարի անկախ քաղաքականություն», - ասաց Սողոմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG