Մատչելիության հղումներ

90 վարկառու սիրիահայերից 22-ի գործը հայտնվել է դատարանում


Սարգիս Բաբաբլավյանը իր տպարանում:
Սարգիս Բաբաբլավյանը իր տպարանում:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի տվյալներով, անցած 3 տարիներին 90 սիրիահայ գործարարի մոտ 400 միլիոն դրամ վարկ է հատկացվել։

Սիրիահայ գործարար Սարգիս Բաբաբլավյանը կառավարության տված վարկը չվճարելու պատճառով հայտնվել է դատարանում. 5 միլիոն դրամ վարկի համար կալանքի տակ են հայտնվել ոչ միայն Սարգսի ընկերության դրամական հաշիվները, այլև հայաստանցի ընկերոջ բնակարանը։

«Շնորհակալ եմ, որ տվել են, բայց կես մնացել եմ։ Երաշխավորը մոտիկ ընկեր էր, նեղացանք իրարից, թե՛ իր տունը, և թե՛ կնոջ տունը կալանքի տակ է։ Պատվեր հիմա ունեմ, բայց հաշվապահն ասեց, որ հաշիվները կալանքի տակ են․․․ Ինչպե՞ս աշխատենք հիմա։ Ես 4-5 ամիս է տեղափոխվել եմ, պատրաստել եմ՝ իմանալով, որ կաշխատեմ, պարտքը կփակեմ: Բայց չեմ կարողանում աշխատել», - «Ազատության» հետ զրույցում ասաց գործարարը։

Տպագրությամբ զբաղվել են դեռ Սարգիսի պապերը: Հալեպից այստեղ է տեղափոխել հաստոցների մի մասը, արտոնյալ վարկով էլ նորերը գնել ու բիզնեսը սկսելուց կես տարի անց կանգնել փակման վտանգի առաջ․ - «Առաջին ամսից սկսա վարկ տալ, տուրք տալ, վարձ տալ․․․ 7 ամիս դիմացա: Հետո փողերը դեռ չվերջացած, էլի վարկ ուզեցի, որ տեսականին փոխեմ, չտվեցին»։

Սարգիսը հիշում է՝ կառավարությունը խոստանում էր վարկ տալուց հետո նաև աջակցել շուկա գտնելու հարցում․ - «Մեզի խոստացան հովանավոր ու հաճախորդների ծանոթացնել: Եվ ինչ-որ գործարարներ կան, մեկ անգամ եղանք իրենց հետ: Բայց մենք ուժ չունենք, գործարարի հետ ի՞նչ խոսենք․․․ Շուկան անշուշտ փոքր է, եթե պարտքի տվիր, չեն վճարում․․․ Ձգձգում են, թեկուզ վստահելի լինեն, բայց ուշ տալը ահագին պատմություն է: Օրինակ, օրացույց տպեցի, օրագիր տպեցի պրինտերներով, գրախանութ ուղարկեցի, չարին, չօգնեցին մեզ»:

Կիսատ մնացած գործով ու պարտքերի բեռով սիրիահայ գործարարի եկամուտն այժմ երեխաներն են ապահովում՝ առևտուր անելով մի կերպ կարողանում են տան 80.000 դրամ վարձը տալ, կոմունալները վճարել ու հացի խնդիր լուծել։

Չնայած այս ամենին՝ Սարգիսը հայրենիքից հեռանալու մտադրություն չունի։ Վերջերս է նամակ գրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով աջակցել սիրիահայ գործարարներին՝ հատկապես շուկա գտնելու հարցում․ - «Մեր արտադրանքը վերցնեն․․․ Ի՞նչ անենք, ո՞ւր երթանք: Պատերազմի դաշտ է մեր երկիրը․․․ դրա համար պիտի աշխատենք»:

Սիրիահայ գործարարների միությունից փոխանցեցին, որ Սարգիս Բաբաբլավյանի պես կառավարությունից վարկեր ստացած սիրիահայ գործարարների մոտ 80 տոկոսը ձախողել է: Վարչապետին նամակ են ուղղել, հանդիպել են վարկերը հատկացնող կենտրոնի պաշտոնյաներին, որոնք հավաստիացրել են, որ կանեն հնարավորը։

Բայց, ինչպես ասում է սիրիահայ գործարարների ներկայացուցիչ Հրայր Մկրտչյանը, նրանց աջակցելու հարցում անհատական լուծումների կարիք կա․ - «Մեկը, օրինակ, ասում է՝ ես հիմա տաքսի եմ քշում, կարող եմ առավելագույնը ամեն ամիս 40 հազար, 50 հազար․․․ ասում է՝ ես չունեմ հիմա 100 հազար, կամ 80 հազար, ունեմ այսքան գումար, կարող եմ ամեն ամիս տալ: Մենակ ինձ ժամանակ տվեք կամ երկարացրեք, վերակառուցեք վարկը․․․ Ինձ հնարավորություն տվեք, որ ես այդ վարկը փակեմ: Մենակ գումար տալով․․․ կոպիտ ասած՝ պլանը կատարեցինք, խորհրդատվությունը արեցինք, էս արեցինք, ոնց ուզում է, թող ինքը իրա գլխի ճարը տենա․․․ Ինձ թվում է, սա մի քիչ թերի ա»:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի տվյալներով, անցած 3 տարիներին 90 սիրիահայ գործարարի մոտ 400 միլիոն դրամ վարկ է հատկացվել։ Դրանցից 22-ի գործը հիմա գտնվում է դատարանում, 10-ի վերաբերյալ արդեն որոշում կա՝ ի վնաս սիրիահայերի, 36 երաշխավորի գույքի վրա արգելանք է դրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG