Մատչելիության հղումներ

Բախշյան․ «Թող մի բան պակաս մաթեմատիկա իմանան, բայց քաղաքացի լինեն»


17-ամյա Ներսես Պողոսյանը դպրոցն ավարտելուց ընդամենը 3 ամիս առաջ ստիպված եղավ այլ ուսումնական հաստատություն տեղափոխվել։

Ներսեսը, ով մտադիր է ծրագրավորող դառնալ, սովորում էր Ճարտարապետաշինարարական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային դպրոցում։ Ասում է՝ տնօրենն իրեն հարկադրել է այլ դպրոց տեղափոխվել` ուսուցիչներից մեկի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Ներսեսն ու նրա ծնողներն ընդունում են, որ տղան կարգապահական խնդիրներ ուներ և որ ուսուցչի հետ վիճաբանության ժամանակ իրեն վատ է պահել. անգամ սուրճը, որ գնել էր դպրոցի բուֆետից և խմում էր դասաժամին, շփել է ուսուցչի վրա։ Բայց պնդում են. նախ ուսուցիչն է վիրավորել 17-ամյա պատանու արժանապատվությունն ու ոտնահարել օրենքով սահմանված իրավունքները։

Ներսես Պողոսյան, աշակերտ
Ներսես Պողոսյան, աշակերտ

«Ես որ ուսուցչի փոխարեն լինեի, էնպես կանեի, որ ինձ հարգեին, եթե ասեի՝ բարձրացեք դասի, բարձրանային։ Իսկ տնօրենի փոխարեն, ես կկանչեի, կխոսեի, նկատողությունով կանցներ կգնար, ոչ թե կհեռացնեի, էն էլ էս վերջին 2 ամիսը», - ասում է Ներսես Պողոսյանը:

Ներսեսի հարազատները պատմում են, որ ծնողները փորձել են հարթել միջադեպը, սակայն տնօրենը ոչ մի կերպ չի համոզվել:

Դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը աշակերտին է մեղադրում։ Բնորոշում է նրան որպես դժվար դաստիարակվող, պնդում է` դպրոցում բոլորն են Ներսեսին մեղադրել, ինքն էլ այլընտրանք չի ունեցել ու ծնողներին առաջարկել է այլ դպրոց տեղափոխել։

Աննա Մարուխյան, Մանուկ Աբեղյանի անվան հենակետային դպրոցի տնօրեն
Աննա Մարուխյան, Մանուկ Աբեղյանի անվան հենակետային դպրոցի տնօրեն

«Ընդամենը առաջարկ է եղել։ Ոչ մի պատժամիջոց, ոչինչ չի կիրառվել Ներսեսի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնօրենը, - «Դա իմ անձնական կարծիքն էր, որ... չգիտեմ, չեմ կարող ասել ինչու, բայց հարմար եմ գտել, որ Ներսեսը չսովորի այլևս այս դպրոցում։ Էդպես եմ հարմար գտել։ Ու իմ կարծիքն եմ հայտնել»:

Հանրակրթության մասին օրենքով դպրոցի տնօրենն իրավունք չունի հեռացնել աշակերտին։ Կարող է միայն առաջարկել ծնողներին՝ երեխային տեղափոխել այլ դպրոց, այն էլ` նկատողությունից, ապա նաև խիստ նկատողությունից հետո միայն։ Չնայած տնօրենի պնդումներին, թե իր արդեն նախկին աշակերտը վատ վարք է ունեցել, փաստացի նա որևէ նկատողություն մինչև հեռանալը չի ստացել։ Ծնողներն այս դեպքում անհիմն են համարում տնօրենի միանձնյա որոշումը։

«Տարրական ինչ-որ միջադեպ ա եղել, որ հեշտ լուծվեր, գնար, հարթվեր։ Դա դարձավ մի ամբողջ պատմություն։ Ստացվում ա՝ ես երեխային ուղարկում եմ դպրոց, ու ինքը հայտնվում ա ծուղակի մեջ, որտեղ իրան կարան վիրավորեն, իսկ ինքը չի կարա բողոքի, որտեղ ինքը պատասխան տա, միևնույն ա՝ ինքն ա մեղավոր լինելու։ Ու իրենք սովոր են, որ ինչ ասեն, երեխան գլուխը կախի ու լսի, բայց չէ՞ որ մենք դաստիարակում ենք ինքնուրույն, ինքն իրեն հարգող անհատականություններ», - ասում է Ներսեսի մորաքույրը՝ Անի Ղահրամանյանը:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով կրթական հարցերով բազմաթիվ ուսումնասիրություններ է արել ու երկար տարիներ դպրոց ղեկավարել, համոզված է. միջադեպի մասին դպրոցում քննարկումներ չեն կազմակերպվել, որոնց պետք է մասնակցեին նաև աշակերտական խորհրդի անդամները։ Օրենքն է աշակերտներին դպրոցի կառավարմանը մասնակցելու իրավունք տալիս, ընդգծում է Բախշյանը․ - «Թող մի բան պակաս մաթեմատիկա իմանան, մի բան պակաս ֆիզիկա իմանան, բայց քաղաքացի լինեն։ Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ շատ քիչ դպրոցներում են երեխաները ազատ իրենց կարծիքը կարողանում ասել, պաշտպանել, հարց տալ, թե ինչու եք էսպիսի որոշում կայացրել, հարգելի մանկավարժներ, հիմնավորեք ձեր որոշումը, շատ քիչ դպրոցներում»:

Դպրոցի նախկին տնօրենը կարևորում է աշակերտական խորհուրդների դերը, որոնք, սակայն, ըստ նրա ձևական բնույթ են կրում։ Մեր այցելած դպրոցներում աշակերտական խորհուրդները զբաղվում էին միայն մշակութային միջոցառումներ կազմակերպելով։

«Խորհուրդը պետք ա կարգապահության, տարբեր միջոցառումներ անելու, ուսուցիչներին, տնօրենին, փոխտնօրենին օգնելու համար», - «Ազատության» հետ զրույցում պատմում է 104-րդ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը՝ Մամիկոնը:

104-րդ հիմնական դպրոցում տնօրենը դժվարությամբ թույլ տվեց առանց իր կամ փոխտնօրենի ներկայության խոսել աշակերտական խորհրդի անդամների հետ։ Պահանջեց հանդիպումն անցկացնել ոչ թե որևէ դասասենյակում, այլ իր կամ փոխտնօրենի աշխատասենյակում, որտեղ, ըստ նրա, սովորաբար, տեղի են ունենում նաև աշակերտական խորհրդի հանդիպումները։ Խորհուրդը երբևէ ինքնուրույն՝ առանց դպրոցի ղեկավարների, նիստեր չի անցկացնում և որոշումներ չի ընդունում։ Մեր հորդորները` մի քանի րոպե մեզ մենակ թողնել երեխաների հետ, դժվարությամբ արդյունք տվեցին, սակայն ընդամենը 2 րոպե տեսագրությունից հետո փոխտնօրենը եկավ ու պահանջեց ընդհատել զրույցը՝ պատճառաբանելով, թե դասն արդեն սկսված է և աշակերտները պետք է գնան դասարան։ Երեխաները լուռ ենթարկվեցին։

Աշակերտների յուրաքանչյուր քայլին խստորեն հետևող տնօրեն Հայկանուշ Նիկոյանը ավելի ուշ «Ազատության» հետ հարցազրույցում պնդեց. դպրոցում ամեն ինչ անում են լավ մարդ ու անկաշկանդ քաղաքացի դաստիարակելու համար։

«Այսօր մեր աշակերտն ազատ է իր կարծիքն արտահայտելու համար։ Նախկինում էդպես չէր։ Դա արդեն մեր դպրոցների կատարած աշխատանքը չի՞ ձեր կարծիքով, որ երեխան այսօր համարձակություն ունի իր կարծիքը բարձրաձայն հայտնելու, կարող է իր կարծիքը պնդել անգամ, ինչու ոչ», - հարցնում էր Նիկոյանը:

Տնօրենը, սակայն, չկարողացավ մտաբերել որևէ դեպք, երբ աշակերտի և ուսուցչի կարծիքները չեն համընկնել, ու դա հանդուրժել են դպրոցում։

Ի դեպ, սա այն դպրոցն է, որտեղ դասավանդող ինֆորմատիկայի ուսուցչուհին վերջերս դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեց` սահմանադրական հանրաքվեի ժամանակ ուրիշի քվեն գողանալու` կրկնաքվեարկության համար։ Ընտրակեղծարար ուսուցիչը, սակայն, հնարավոր ամենամեղմ պատիժը` տուգանքը վճարելուց հետո շարունակում է դասավանդել այս դպրոցում։

«Լավ, փակեցինք այս թեման, ես շնորհակալ եմ, մենք էդ հարցը չենք մտցնում դպրոց։ Համաձայն չե՞ք ինձ հետ։ Այո, վատ արարք է արել, պատժվել է», - այս առնչությամբ մեկնաբանեց տնօրենը:

Մեկ այլ` թիվ 139 ավագ դպրոցում, աշակերտական խորհրդի նախագահն ընտրվելուց առաջ նախընտրական ծրագիր է ունեցել, խոստումներ տվել՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելու մասին։ Ասում է՝ ընտրվելուց հետո դրանց մեծ մասն իրագործել է։ Միաժամանակ ընդունում, որ երբևէ մտքով չի անցել քննարկման դնել մեծերի որոշումները դպրոցի կառավարման ու կարգուկանոնի հաստատման մասին։

«Նորմալ ա ամեն ինչ, աշակերտները գոհ են ամեն ինչից։ Ամեն ինչ շատ լավ ա, դժգոհություններ չկան, որ ներկայացվեն էլի», - ասում էր նա, - «Ինձ թվում ա՝ աշակերտը պետք ա մնա իր աշակերտի դիրքում, ու եթե տնօրենը մի բան ասում ա, պետքա ենթարկվել ու ամեն ինչը ընդունել։ Կարծիք կարելի ա արտահայտել, բայց ըստ դիրքի ու ըստ չափերի»:

Կարպիս Փաշոյան, պատմության ուսուցիչ
Կարպիս Փաշոյան, պատմության ուսուցիչ

Կարպիս Փաշոյանն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում և աշխատանքից ազատվեց իր քաղաքացիական ակտիվության համար։ Դպրոցի տնօրենը չէր հանդուրժել նրա ֆեյսբուքյան գրառումներն ու մասնակցությունը բողոքի ակցիաներին։ Ազատ խոսքի կողմնակից մանկավարժը համոզված է. դպրոցների հիմնական մասում մանկավարժներին ձեռնտու չեն կարծիք հայտնող, ազատամիտ երեխաները։ Նրանք ձգտում են ունենալ ենթարկվող աշակերտներ։

«Նրանց համար նույնիսկ կարող է շատ ցավոտ լինել այն հանգամանքը, որ աշակերտը կարող է ուսուցչի կարծիքին չհամապատասխանող կարծիք արտահայտել։ Սա՝ ուսուցիչների մի մասը, ովքեր դեռևս մնացել են անցյալ դարում և առաջնորդվում են խորհրդային շրջանի սկզբունքներով։ Ուսուցիչներ էլ կան, որ պարզապես հավես չունեն երեխաների հետ զբաղվելու։ Նրանց պարզապես պետք է գալ, անցկացնել 45 րոպեն, ինչ-որ վարչակարգ սահմանեն, որ երեխաները չաղմկեն, լսեն համապատասխան տեքստը, պատասխանեն և գնան։ Այսինքն նրանց չի հետաքրքրում ո՛չ քաղաքացիությունը, ո՛չ ազատությունը, ո՛չ խոսքի ազատությունը: Իրենց պետք չի դա՝ ավելորդ գլխացավանք է», - ասում է Փաշոյանը:

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է՝ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ պատասխանատուներն ստեղծում են այնպիսի համակարգ, որը ձեռնտու է իրենց որպես իշխանության ներկայացուցիչ, բայց ոչ որպես ծնող։ Մատնանշում է՝ երկար տարիներ կրթության նախարարությունը ղեկավարած Արմեն Աշոտյանի երեխաները սովորում են ոչ թե պետական հանրակրթական, այլ մասնավոր, թանկարժեք դպրոցում, որտեղ աշակերտներին սովորեցնում են ավելի ազատ լինել ու վերլուծական մտածողություն ունենալ։

«Ես որքան ճանաչում եմ Աշոտյանին, ինքը շատ գնահատում է ազատ մարդուն և ուզում է, որ իր երեխան այդպիսին մեծանա։ Բայց մյուս կողմից, որպես քաղաքական գործչի, փաստորեն այն դպրոցները, որ ունենք մենք հիմա, որտեղ վերևից թելադրվում են շատ բաներ, ընդհուպ մինչև քվեարկություն, ընտրություն կատարել, ձեռնտու չէ ազատ հասարակություն, քաղաքացի ունենալը։ Եվ ունենք այն, ինչ ունենք», - ասում է Բախշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG