Մատչելիության հղումներ

Կոռուպցիան վազող գազան չէ, որ բռնես և ոչնչացնես. ՀՀԿ-ն արձագանքում է ԳՐԵԿՈ-ի զեկույցին


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյան

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հասցեին Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի ԳՐԵԿՈ խմբի քննադատությանը՝ Հանրապետական խմբակցությունից Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց.- «Միջազգային կազմակերպությունները կարող են տարբեր մոտեցումներ ունենալ և թղթին հանձնել տարբեր մտքեր կամ տեսակետներ, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ դրանք արտացոլում են օբյեկտիվ ճշմարտությունը»։

Ըստ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարը արագ լուծվող հարց չէ:

«Կոռուպցիան թերևս վազող գազան չէ, որ բռնես և ոչնչացնես։ Դա անընդհատ պայքար է, անընդհատ ընթացող գործընթացներ են, որոնց հետ կապված մենք բոլորս պետք է ամենօրյա աշխատանք տանենք»,- ասաց Սահակյանը։

Ազգային ժողովի մասով ԳՐԵԿՈ խմբի զեկույցը փաստել է, որ թեև խորհրդարանում ընդունվել են էթիկայի կանոններ, սակայն դրանք դեռևս արդյունավետ չեն, ու թեև գործում է Էթիկայի հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ պատգամավորի դեպքում չի արձանագրվել, թե նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ այն դեպքում, երբ կա կարծիք, որ դա ընդունված պրակտիկա է: Այս մեղադրանքն, ըստ զեկույցի, ՀՀ իշխանությունները հերքել են։

Այսօր Հովհաննես Սահակյանը ևս ասաց՝ չի կարծում, թե խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ կան, բոլորն էլ իրենց գործերը հանձնել են հավատարմագրային կառավարման.- «Որոշակի ընթացակարգերի հետ կապված զեկույցում դժգոհություն կա կամ բացասական վերաբերմունք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք օրենսդիր մարմնի հետ, պատգամավորների հետ, ովքեր Սահմանադրությամբ անձեռնմխելի են։ Պատժամիջոց կիրառելը կլինի հակաօրինական և ոչ թույլատրելի»։

Բարձրաձայնված խնդիրների մի մասը Սահակյանն արդեն լուծված է համարում նոր Սահմանադրության ընդունմամբ.- «Եթե մի փոքր ուշադիր և ոչ այլ աչքերով ընթերցենք նոր Սահմանադրությունը, մենք կարող ենք հասկանալ, որ այնտեղ բազմաթիվ մեխանիզմներ են դրված, որպեսզի մենք այս խնդիրներին տանք սպառիչ լուծումներ»։

Իրավիճակը, սակայն, ըստ Սահակյանի, կփոխվի, երբ մշակեն Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքը, և երբ խորհրդարանն աշխատի նոր ռեժիմով:

«Նոր Ազգային ժողովում ամենօրյա նիստեր ենք անելու, և այսպիսի մոտեցում կա, որ, օրինակ, նիստերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ օրակարգը չի սպառվել։ Դա նշանակում է, որ մենք ամեն օր գալու ենք աշխատանքի, ինչպես գործադիրը յուրաքանչյուր օր առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը առնվազն 18-ը։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր էստեղ հետաքրքրություն չունեն, ակամայից կարող են նաև ցանկություն էլ չունենալ լինել Ազգային ժողովում, որովհետև խորհրդարանական կառավարման ձևի պարագայում դա բավականին լուրջ, ծանր աշխատանք է»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Հանրապետականի հետ իշխանության պատասխանատվությունը օրերս ստանձնած Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ պետք է լուրջ վերաբերվել քննադատությանը։

«Ես համամիտ եմ. բոլոր մեխանիզմները, որոնք կոչված են զգոնություն ապահովելու այս շրջանում, նաև քաղաքական գործունեության այդ մակարդակներում, ես լիուլի պաշտպանում եմ դրանք։ Կարծում եմ՝ այդ հեղինակավոր կառույցներին մենք չպետք է միայն ձևական անդամակցություն ունենանք, մենք պարտավորություններ ենք ստանձնում, բնական է՝ այդ պարտավորությունները պետք է կատարենք պատշաճ կերպով և նշված ժամկետներում»,- ասաց Ռուստամյանը։

Հարցին՝ ի՞նչն էր խանգարում տարիներ շարունակ այս խնդիրները լուծել, և արդյոք այն հանգամանքները, որ խանգարում էին խնդիրների լուծմանը, այժմ էլ առկա չե՞ն, Ռուստամյանը պատասխանեց.- «Խանգարող բաները շատ էին, դրա մասին շատ ենք խոսել։ Անընդհատ նույն հարցը կրկնում եք, բայց պետք է նաև նկատի ունենաք, որ այդ հարցերի պատասխանները վաղուց տրվել են։ Խանգարում էր նախ այն համակարգը, որը գոյություն ուներ, մենք ունեինք համակարգային ճգնաժամ, որովհետև եթե մարդիկ փոխվում են, իրավիճակը չի փոխվում, ուրեմն մարդկանց փոփոխության վրա հույս դնելը սխալ է։ Հենց դրանից է մեր ելակետը եղել, որ մենք գնացել ենք այս խորքային արմատական փոփոխությունների ճանապարհով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG