Մատչելիության հղումներ

Հնարավոր ամենամեղմ պատիժը ստացավ հերթական ընտրակեղծարարը


Ընտրակեղծարար՝ Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանին չհաջողվեց խույս տալ տեսախցիկներից, 25-ը փետրվարի, 2016թ․
Ընտրակեղծարար՝ Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանին չհաջողվեց խույս տալ տեսախցիկներից, 25-ը փետրվարի, 2016թ․

500 հազար դրամի չափով տուգանքի դատապարտված կեղծարարը մանկավարժ է՝ մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանը:

Հանրաքվեի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելու համար այսօր դատապարտվեց հերթական ընտրակեղծարարը՝ Նոր Նորքի դատարանի կողմից մանկապարտեզի տնօրենը ստացավ հնարավոր ամենամեղմ պատիժը՝ տուգանք 500 հազար դրամի չափով:

Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանը՝ լինելով հանձնաժողովի անդամ, ստորագրել ու քվեարկել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն։ Ընտրախախտումների՝ մինչ օրս քննված մյուս բոլոր գործերով անցնող կեղծարարների օրինակով, մանկապարտեզի տնօրեն Ստեփանյանն էլ ընդունեց մեղքն ու միջնորդեց՝ գործը քննել արագացված կարգով, առանց ապացույցներն ուսումնասիրելու:

Խնդրելով չազատազրկել իր պաշտպանյալին՝ ընտրակեղծարարի շահերի ներկայացուցիչն իր ճառում Ստեփանյանին բնորոշեց որպես հանրօգուտ աշխատանքով զբաղվող մարդու: Ինքը՝ մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանը, վերջին խոսքով հանդես չեկավ, միայն կրկնեց, որ ընդունում է մեղքը:

Թե՛ դատախազը, ով Ստեփանյանի համար պահանջել էր պատիժ՝ 600 հազար դրամ տուգանքի չափով, թե՛ դատավորը, փորձ չարեցին պարզել՝ ինչո՞ւ է երեխաների դաստիարակությամբ զբաղվող կինը որոշել գողանալ ուրիշի քվեն:

Այլ անձի փոխարեն քվեարկած մանկավարժը նախորդ դատական նիստին չէր ցանկացել, որ իրեն տեսանկարահանեն, պնդելով՝ չի ուզում, որ վարկաբեկվի իր արժանապատվությունը: Տնօրենն այսօր ևս չպարզաբանեց՝ արդյո՞ք իր կամքով է ընտրակեղծիք կատարել և ինչպե՞ս է վճարելու տուգանքը: Նրան ուղեկցող հարազատներն ասացին, թե Ստեփանյանն իրեն լավ չի զգում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, ում փոխարեն էլ քվեարկել էր մանկավարժը, ասաց՝ ընտրակեղծարարների մյուս գործերը ևս հաշվի առնելով, կարելի է եզրակացնել՝ կա ընդհանուր հրահանգ: «Հրահանգված, արագացված ընթացակարգեր են՝ հենց չխորանալու և չշարունակելու համար»,- ասաց նա:

Սահմանված տուգանքը վճարելուց հետո մանկապարտեզի տնօրենին այլևս ոչինչ չի խանգարի՝ շարունակել աշխատանքը նույն պաշտոնում: «Համակարգի ընդհանուր խնդիր է, այստեղ հարցը մեկ անձի հետ չէ կապված, ուղղակի նա է պատահել այս դեպքում: Բայց մենք հասկանում ենք, որ ամբողջ կրթական ոլորտը, մեծ ցավով եմ ասում, ներգրավված է ընտրակեղծարարության մեջ: Ինչպե՞ս կարող է ընտրակեղծարարությամբ զբաղված անձն, առհասարակ, լինել կրթական օջախի ղեկավար: Դա լուրջ խնդիր է, որովհետև երեխաներին պետք է օրինակ ծառայել սեփական վարքով»,- հավելեց Մանե Թանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG