ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց. Սարիբեկյանի և Վ. Բաղդասարյանի անունների դիմաց կեղծ տվյալներ է ներառել և նրանց փոխարեն քվեարկել նշված հանձնաժողովի անդամ Լ. Սուքիասյանը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննության արդյունքներով որոշում է կայացվել Ց. Սարիբեկյանի և Վ. Բաղդասարյանի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում և ձեռք բերված ապացույցների հիման վրա թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երկու անձի փոխարեն քվեարկելու համար։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: