Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը չի զղջում ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության հայ անդամին ասած բառերի համար


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանին Թուրքայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել ոչ հայանպաստ բանաձևերին:

«Ես կարծում եմ, որ ճիշտ է եղել իմ դիրքորոշումը՝ երկու միգուցե ոչ այնքան հաճելի բառ ասել Մարգար Եսայանին: Լավ եմ արել, և եթե նման դեպք կրկնվի, ես կարծում, որ ցանկացած հայ պարտավոր է իր՝ ազգությամբ հայ հայրենակցին ասելու, որ չի կարելի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանին Թուրքայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը կողմ էր քվեարկել ոչ հայանպաստ բանաձևերին:

Զոհրաբյանը պատմեց, որ Եսայանին մոտեցել է քվեարկության պատկերը տեսնելուն պես, հենց դահլիճում: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի, թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել վեհաժողով, որ հայաստանցի պատգամավորը վիրավորել է իրենց պատվիրակին:

«Ես ոչ թե որպես ԵԽԽՎ պատգամավոր, այլ ընդամենը որպես հայ մարդ, նիստերի դահլիճում իմ նկատառումներն եմ հայտնել պարոն Մարգար Եսայանին, որ ազգությամբ հայը բարոյական իրավունք չուներ նման հակահայ զեկույցին քվեարկելու կողմ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մարգար Եսայանի հետ չհաջողվեց կապ հաստատել․ նա չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգերին:

ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը լուսաբանած պոլսահայ լրագրող, հրապարակախոս Րաֆֆի Հերմոն Արաքսն ասաց, որ ականատես չի եղել կատարվածին, բայց Մարգար Եսայանի հետ զրուցել է: Վերջինս պնդել է, թե Զոհրաբյանը «նախատել ու վարկաբեկել է» իրեն:

«Հարկավ վիրավորված է, հարկավ ասում է՝ ես էսպես խոսակցության արժանի չէի», - փոխանցեց Հերմոն Արաքսը՝ հավելելով, որ թուրքական պատվիրակության կազմում եղել են ձեռնպահ քվեարկողներ՝ երկուսը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից, մեկը՝ Ժողովրդա-հանրապետականից։ - «Իհարկե, բոլորն էլ թուրք էին, բացի Մարգար Եսայանից: Ինքը իմ ընկերն է, և իրեն ասել եմ՝ Մարգա՛ր ջան, երանի կա՛մ անկողմնակալ լինեիր և կա՛մ ընդհանրապես չմասնակցեիր»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը պատրաստվում է նամակ գրել վեհաժողովում ազգային պատվիրակությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով պատշաճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության վրա:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԵԽԽՎ-ից պաշտոնական նամակ չեն ստացել, և հավելեց՝ եթե պարզվի, որ խնդիր կա, կքննարկեն․ - «Համաձայն չեմ այն մոտեցման հետ, որ հայկական պատվիրակության անդամներից որևէ մեկը էթիկայի կանոնները խախտած լինի: Խորհրդարանական վեհաժողովում բավական մեծ թվով մարդիկ՝ շուրջ հազար մարդ, օրեկան շփվում են բազմաթիվ թեմաների շուրջ, որտեղ մարդկանց մեջ ինչ-որ հարցի շուրջ կարող է ոչ ըմբռնման, իրար չհասկանալու իրավիճակ առաջացած լինի․․․ Այս ամենը դարձնել բողոքի թեմա, պարզապես անհեռանկարային պահվածք է»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ թուրքական կողմը փորձում է քաղաքականացնել կատարվածը: Այդ կապակցությամբ Հերմինե Նաղդալյանն ասաց․ - «Եթե ի վերջո ունենանք որևէ օֆիցիալ բան այն մասին, որ դա կապված է Հայաստանի հետ կամ հայկական պատվիրակության հետ և այլն, ես չեմ բացառում, որ Թուրքիան ուզենա ինչ-որ մի բան էլ քաղաքականացնել, բերել հասցնել ինչ-որ մի աստիճանի: Բայց որ դա հնարավոր է, ես դրան ոչ թե կասկածում եմ, այլ պարզապես վստահ եմ, որ դա այդպես չէ»:

Ըստ Զոհրաբյանի, հարցը, այնուհանդերձ, կարող է քննարկվել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնադրական հանձնաժողովում, նույնիսկ կարող է հասնել ձայնի իրավունքից զրկելուն․ - «Ինձ համար բացարձակապես միևնույն է: Ես գտնում եմ, որ ես պարտավոր էի որպես հայ իմ երկու նկատառումը հայտնել Մարգար Եսայանին»:

XS
SM
MD
LG