Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան. ԵԽԽՎ բանաձևը Հայաստանի դիվանագիտության հերթական ձախողումն է


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

Արմեն Աշոտյանը, մինչդեռ, արդյունքը համարում է այս փուլում բավարար՝ «չարյաց փոքրագույնի» սկզբունքով։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը Սարսանգի ջրամբարին վերաբերող հակահայկական զեկույցի ընդունումը Հայաստանի դիվանագիտության հերթական ձախողումն է համարում։

Զուրաբյանի փոխանցմամբ՝ 2005 թվականին Խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձևն արդեն մեծ կորուստ էր Հայաստանի համար, քանի որ առաջին անգամ միջազգային կազմակերպության փաստաթղթում նշվում էր, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից, իսկ Ղարաբաղը շարունակում է օկուպացված մնալ անջատողական ռեժիմի կողմից»։

Մինչդեռ երեկ ընդունված հակահայկական զեկույցում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, ավելի վատ ձևակերպումներ են տեղ գտել։ «Արդեն Լեռնային Ղարաբաղն է հայտարարում Հայաստանի կողմից օկուպացված, ինչը նշանակում է, որ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը որպես գործոն չեն ընդունում՝ հակասելով դրա վերաբերյալ և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, և՛ ԵԱՀԿ-ի որոշումներին։ Ուստի սա ձախողում է, և եթե ասում են, որ առաջին բանաձևը չի ընդունվել, ես կարծում եմ, որ նման դեպքում ուրախանալը նույնն է, երբ որ թշնամին գալիս է գրավելու քո քաղաքը, և դու հանձնում ես մի երկու թաղամաս և ասում ես, որ ամբողջ քաղաքը չեմ հանձնել, դա մոտավորապես նույն տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ես գնահատում եմ սա բավականին վատ զարգացում, և, փաստորեն, աննախադեպ ձևակերպումներ են մտել միջազգային փաստաթղթերի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Արմեն Աշոտյան, արխիվ
Արմեն Աշոտյան, արխիվ

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հակահայկական երկու բանաձևերից մեկի ընդունումը չարյաց փոքրագույնն էր, քանի որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցը, որի ընդունումը երեկ հաջողվեց տապալել, ըստ ՀՀԿ փոխնախագահի, իսկական չարիք էր Հայաստանի համար։

«Մենք ունենք արդյունք, որը մի կողմից կարելի է համարել այս փուլում բավարար, որովհետև, եթե համեմատում ենք չարյաց փոքրագույնի սկզբունքով, ակնհայտ է, որ Ուոլթերի զեկույցը ավելի մեծ չարիք էր։ Ակնհայտ է, որ եվրոպական քաղաքական իրական վերնախավը շատ լավ գիտակցում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման բացառիկ և միակ հարթակը դա Մինսկի խումբն է։ Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, բաղկացած լինելով ազգային խորհրդարանների պատգամավորներից, ավելի շատ է տրվում այս կամ այն ազդեցությունների», - ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանին հաջողվում է ազդել նրանց վրա [ԵԽԽՎ-ի], ինչո՞ւ Հայաստանին դա չի հաջողվում, Աշոտյանը պատասխանեց. - «Եթե դուք դիտեք ադրբեջանական մամուլը, ապա դուք կտեսնեք, որ իրենց մոտ դժգոհությունը երեկվա քվերակությունից հետո ավելի մեծ է, և սա ակնհայտ է, որովհետև, իհարկե, կա նաև քաղաքական էկվիլիբրիստիկայի խնդիր, հավասարակշռման խնդիր, կարծեք թե, մեծ խնդրում հաղթեց Հայաստանը, որ չանցավ Ուոլթերի զեկույցը, համեմատաբար, նորից եմ կրկնում, որքանով կարելի է համեմատել, չափել, համեմատաբար ավելի սեգմենտար, ոչ թե գլոբալ խնդրում՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված, հաղթեց պրոադրբեջանական քվեարկությունը»։

Լուսանկարը՝ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Հավելենք, որ Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցին՝ ընդգծելով, որ «կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի»:

«Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործման հարցով, որից կօգտվի և՛ Արցախի ժողովուրդը, և՛ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները», - գրել է Աղաբեկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG