Մատչելիության հղումներ

Դիտորդական կազմակերպությունները հնչեցնում են իրենց առաջարկությունները նոր ԸՕ-ի կապակցությամբ


Նրանք կոչ են անում Ընտրական օրենսգրքում ամրագրել քվեարկած անձանց ցուցակների հրապարակումը, դիտորդների լիազորությունների ընդլայնումը և տեղամասերի շուրջօրյա նկարահանումը:

Մատնանշելով սահմանադրական հանրաքվեն՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ իշխանության ակնարկած էլեկտրոնային քվեարկության ներդրումով միայն հնարավոր չի լինի վերացնել վաղուց արդեն արմատավորված խախտումները՝ կրկնակի քվեարկությունից մինչև լցոնում։

«Գտնում ենք, որ լինի դա էլեկտրոնային քվեարկություն, թե էլեկտրոնափաստաթղթային քվեարկություն, չի կարող արժանահավատ լինել նման քվեարկության արդյունքը, եթե չկա համադրությունը առկա ընտրողների և քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների միջև», - ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Ընտրողների ցուցակների հրապարակումը, որը, մեր կարծիքով, գոնե բավականին կբացահայտի հնարավոր կեղծիքները: Այսինքն, իմանալով հանդերձ, որ այդ ամեն ինչը հնարավոր է ստուգել, գուցե իշխանությունները որոշ չափով զուսպ լինեն այս հարցում», - ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նաև մերժելի է համարում իշխանության պնդումները, թե քվեարկության մասնակիցների հրապարակայնացումը խախտում է ընտրության գաղտնիությունը։ Իրավապաշտպանի խոսքով, միջազգային կառույցները ևս այս հարցում չեն առարկել․ - «Եթե ընտրության մասնակցությունը գաղտնի է, ապա թող բոլոր ընտրողներին դիմակներ բաժանեն, որ մարդիկ դիմակներով գնան ընտրության, որ չերևա, որ նրանք գնացել են ընտրության»:

«Մենք ծանոթացել ենք այդ հայտարարությանը և հիմնականում կիսում ենք մտահոգությունները․ կեղծարարության մեխը Հայաստանում այդ ցուցակներն են: Մեր գնահատականներով, ցուցակները մոտ կես միլիոնով ուռճացված են: Այսինքն ցանկացած ընտրության ժամանակ իշխանությունն ունի կես միլիոնի ֆորա, որն ապահովում է իր հաղթանակը»:

Ցուցակները գաղտնազերծող դրույթից բացի, մոտ մեկ տասնյակ կազմակերպությունների համատեղ խումբը կոչ է անում նաև տեղամասերից 24-ժամյա ուղիղ հեռարձակում ապահովել։

«Տեղամասերը դիտարկել ենք և՛ քվեարկության գործընթացի հնարավորություն ապահովող, և՛ տեղամասում մուտք գործող, որպեսզի հնարավոր լինի համադրել, կրկնակի քվեարկությունները բացառել», - ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

«Եթե մարդը գիտի, որ իրեն նկարում են, և դա ուղիղ եթերով ցուցադրվում է, ավելի կաշկանդված կզգա որևէ կեղծիք կատարելու», - հավելեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ Գլխավոր դատախազության, հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների փաստերով մինչև այժմ հարուցվել է 73 քրեական գործ։ Ընդգծելով, որ կեղծարարներից շատերը բացահայտվել են հենց նկարահանումների արդյունքում՝ նախաձեռնության հեղինակները պնդում են, որ երկու հազար տեղամասերում տեսախցիկներ տեղադրելը իշխանության համար մեծ բեռ չէ:

«Մանավանդ, որ միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են պատրաստակամությունը աջակցել պետությանը, եթե պետությունը որոշի ընդառաջ գնալ նման տեխնիկական միջոցների ներդրմանը», - հավելեց Տիգրանյանը:

Իրավապաշտպանները վստահ են, որ ընտրակեղծարարության վիճակագրությունն ավելի առատ կլինի, եթե դիտորդներին նույնպես թույլատրվի գրանցամատյանում արձանագրել հայտնաբերած խախտումները: Դիտորդի լիազորությունները, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, սահմանափակ են․ - «Նա կարող է բողոքարկել միայն այն ընտրախախտումները, որոնք առնչվում են դիտորդի սուբյեկտիվ իրավունքին: Բայց եթե ընթացակարգային կոպիտ խախտումներ են, և դա նկատել է դիտորդը, կամ դիտորդական առաքելությունը հանդես է գալիս խախտման վերաբերյալ հայտարարությամբ, բողոքարկել, որևէ կերպ դրան հետամուտ լինել չի կարող»:

«Այն տեղամասում, որտեղ մենք դիտորդություն էինք իրականացրել, բոլոր տիպի խախտումներ էինք արձանագրել: Մեր դիտորդները միայն արձանագրել են այդ ամեն ինչը: Որոշ դեպքերում կարողացել են կանխել, բայց, ես ուզում եմ սա արձանագրել՝ դիտորդների նկատմամբ ահաբեկումներ մինչ այդ չէին եղել, այս անգամ նաև այդ է նկատվել», - նշեց Ավետիք Իշխանյանը:

Ընտրական համակարգի բարելավման համար նախաձեռնությունը պահանջում է նաև արգելել պետական, համայնքային և կրթական ոլորտի աշխատակիցներին ընդգրկել հանձնաժողովի կազմում, վերանայել բողոքարկման և վերահաշվարկի ժամկետները, ինչպես նաև ապաքրեականացնել ընտրակաշառք վերցնելու փաստը՝ եթե քաղաքացին ինքնակամ է հաղորդում ներկայացնում այդ մասին։

Առաջարկությունների հեղինակները անընդունելի են համարում, որ նոր Ընտրական օրենսգիրքն այս փուլում մշակվում է կուլիսներում՝ առանց քաղաքացիական հասարակաության և քաղաքական ուժերի մասնակցության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG