Մատչելիության հղումներ

Բաքուն կողմ է, որ Ասադը առայժմ մնա իշխանության ղեկին


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը ավստրիական թերթի հարցազրույցում նաև քննադատում է Ամալ Քլունիին:

Ադրբեջանը դեմ է Սիրիայում ծրագրվող ցանկացած ցամաքային գործողության: Այս մասին ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն կողմ է, որպեսզի Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին՝ մինչև սիրիական ճգնաժամի կարգավորման վերջնական տարբերակի մշակումը: «Սիրիայում հարկավոր է քայլ առ քայլ գործել: Բաշար Ասադը որպես նախագահ այսօր Սիրիայի անվտանգության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորն է: Ասադը պետք է մնա այդ պաշտոնում, մինչև ընտրությունների միջոցով կհստակեցվի, թե ով է նրան փոխարինելու», - ավստրիական թերթին տված հարցազույցում նշում է Ազիմովը:

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի խոսքով` «Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները ոչ միայն արդյունավետ չեն, այլև ֆինանսապես թանկ են արժենում»: «Իսկ ցամաքային գործողությունների իրականացումը լրջագույն ռիսկեր է պարունակելու և կարող է հավելյալ կորուստների հանգեցնել: Ցանկացած կոալիցիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողության մեկնարկը քաոսային իրավիճակ է ստեղծելու», - հայտարարում է Ազիմովը:

Ավստրիացի լրագրողը բարձաստիճան ադրբեջանցի դիվանագետից նաև փորձում է պարզել պաշտոնական Բաքվի դիրքորոշումը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հեռանկարների հանդեպ: «Այդ գործընթացը մի քայլ էր` ուղղված Վրաստանին և Ուկրաինային Եվրամիության մեջ ներգրավելուն: Մենք նման նպատակ մեր առջև չենք դրել: Հարկավոր է հասկանալ, որ տարբեր պետություններին միևնույն առաջարկն անել չի կարելի: Ես, օրինակ, չեմ հավատում Եվրամիության անվերջ ընդարձակման գաղափարին, քանի որ «Մեկ մոդել բոլորի համար» կարգախոսն այլևս չի գործում: Իրականում Ադրբեջանը ցանկանում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ», - նշում է Արազ Ազիմովը` Die Presse-ի թղթակցին նաև տեղեկացնելով, որ Բաքվի և Բրյուսելի հարաբերությունները քննարկվելու են Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի` փետրվարի վերջին Բաքու կատարելիք այցի ընթացքում:

Ավստրիական թերթին տված հարցազույցում Արազ Ազիմովը չի կարողացել շրջանցել նաև ներքաղաքական թեմաները: Հարցին՝ «Ձեզ անհանգստացնո՞ւմ է արդյոք այն փաստը, որ Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանելու է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը», Ազիմովը պատասխանում է․ - «Ամալ Քլունին հայտնի է զուտ որպես Ջորջ Քլունիի կինը: Գիտեմ,որ Ամալ Քլունին ծագումով լիբանանցի է, լսել եմ նաև, որ ազգությամբ հայ է: Բայց [Խադիջա Իսմայիլովայի] գործում նա անելիք չունի: Ամալ Քլունին այնքան էլ լավ իրավաբան չէ: Իմ կարծիքով, իր տաղանդները ցուցադրելու համար Ամալ Քլունին այլ բնագավառ պետք է ընտրեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG