Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ցանկություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ, փոխանցում է "Взгляд"-ը:
«Քննարկման գլխավոր հարցերն են Ռուսաստանի հետ հարաբերությունների «կարմիր գծերը»: Այդ հարցերը վերաբերում են մեր տարածքային ամբողջականությանն ու օկուպացիային, որը 2008 թվականին տեղի ունեցած միջազգային հակամարտության հետևանքն է»,- պարզաբանել է վրաց արտգործնախարարը:
Ջանելիձեն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացնում ժնևյան քննարկումների շրջանակներում, ինչպես նաև երկու երկրների ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում Պրահայում:
«Մենք կառուցողական մոտեցում ենք ցուցաբերում, հարաբերությունները հնարավոր եղավ մասամբ բարելավել, բայց ոչ հակամարտությունների կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին էր պատրաստակամություն հայտնել հանդիպել վրաց պաշտոնակցին: