Այսօր առավոտյան Ռուսաստանի Դաղստան հանրապետության Դերբենդի շրջանում ճանապարհային ոստիկանության ուղեկալի մոտ տեղի ունեցած պայթյունից 17 մարդ է վիրավորվել՝ այդ թվում ոստիկանության 8 աշխատակից։ Ըստ տարբեր աղբյուրների, զոհերի թիվը հասնում է 2-4-ի։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, պայթյունի պատճառները դեռ ճշտվում են։ Աղբյուրը, սակայն, նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանը ցանկացել է ստուգել ուղեկալի մոտ կայանված կասկածելի մեքենան։
Դաղստանի ղեկավար Ռամզան Աբդուլատիպովը «Ինստագրամ»-ում գրել է, որ չի բացառվում՝ պայթյունն իրականացրած լինի մահապարտ ահաբեկիչը։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչն էլ «Նովոստի»-ին ասել է, թե հնարավոր է՝ պայթյունը կազմակերպել են այսպես կոչված «հարավային բանդիտական խմբի» գրոհայինները։