Մատչելիության հղումներ

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը


Ավետիսյանների սպանության գործով դատավարությանը այսօր երկրորդ սահմանապահը պնդեց, որ ձերբակալությունից անմիջապես հետո Վալերի Պերմյակովը մեղքը չի ընդունել՝ ասելով, թե որևէ հանցանք չի կատարել:

Վկա Ստյոպա Սումբուլյանը գրեթե նույնությամբ կրկնեց այն, ինչ նախորդ դատական նիստին ասել էր իր վերադասը՝ կապիտան Խաչատրյանը, ում հետ, ըստ գործի նյութերի, հայ-թուրքական սահմանին հայտնաբերել էին Պերմյակովին:

«Հարցրել են նրան՝ դու սպանե՞լ ես, ինքը ասել ա՝ ես չեմ սպանել», - ասաց Սումբուլյանը: - «Կապիտան Խաչատրյանն էր հարցրել, ինքն ասել էր՝ չեմ սպանել»:

Տուժող կողմի ներկայացուցիչները այսօր նույնպես հարցերով փորձում էին պարզել, թե ինչ առաջադրանք էին այդ օրը ստացել ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողներն ու սահմանապահները, արդյո՞ք Պերմյակովի ձերբակալության ժամանակ համագործակցել են հայկական կողմի հետ և ինչո՞ւ են օպերացիայի ավարտին նրան ռազմակայան տեղափոխել:

Հաջորդ վկան՝ Սերգեյ Սլյուսարը սահմանապահ ջոկատի կինոլոգն էր, ով, ըստ ցուցմունքի, գիշերը ժամը 4-ին հրաման էր ստացել ներկայանալու այն զորամասը, որտեղից փախուստի էր դիմել Պերմյակովը: Սլյուսարի վարժեցրած շունը որոնողներին դուրս էր բերել Պերմյակովի հետքի վրա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները կրկին հետաքրքրվեցին, թե արդյոք հայկական կողմը տեղեկացված էր Գյումրիում իրականացվող որոնողական աշխատանքների մասին, և եթե ոչ՝ արդյո՞ք պարտավոր չէին տեղեկացնել:

Թե որքան են շարունակվել որոնողական աշխատանքները, վկան այդպես էլ չհիշեց, բայց պնդեց` Պերմյակովին փնտրել են առանց զենքի, թեև գիտեին, որ նա զինված է:

Վկաների ցուցմունքներից տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը հանգեց եզրակացության, որ ռուսական կողմը անօրինական է գործել․ - «Ռուսական կողմը բացարձակապես որևէ պատասխանատվություն չունի հայկական կողմի նկատմամբ: Ցուցմունքները դրա մասին են վկայում ուղղակիորեն: Իրենց ինչ հրաման կտան, դա էլ կկատարեն: Իրենց հրամանատարների հրամանները ամենակարևոր և միակ օրինական, հիմնական հրամաններն են և դրանք են որոշիչը: Պատասխանատվություն ընդհանրապես չունեն Հայաստանի նկատմամբ, չունեն նույնիսկ այն զգացողությունը, որ գտնվում են այլ երկրի տարածքում զինվորական ծառայության մեջ»:

«Ռուսական բազայի և սահմանապահ ծառայության հրամանատարների հրամանները պետք է գործեն միայն իրենց տարածքում, ոչ այդ պարիսպներից, իրենց զբաղեցրած տարածքից դուրս հայկական տարածքում», - շարունակեց նա: - «Բայց փաստորեն գործել են․․․ Ոչ միայն գործել են․ խնդիրն այն է, որ իրենք չեն էլ մտածում, որ դա ապօրինություն ա: Իրենք դա համարում են նորմալ»:

Դատավարությունը կշարունակվի փետրվարի 26-ին:

XS
SM
MD
LG