Մատչելիության հղումներ

Փաստաբանը սահմանապահի ցուցմունքների միջև անհամապատասխանություն է տեսնում


Միխայիլ Խաչատրյանը հայաստանցի քննիչներին չէր պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Վալերի Պերմյակովին:

Այսօր Ավետիսյանների սպանության գործով դատարանում հարցաքննվեց Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի «Բայանդուր 2» ուղեկալի նախկին պետ Միխայիլ Խաչատրյանը։ Նա պատմեց, որ ծառայության ժամանակ իրենց մոտեցող լապտերի լույս է նկատել ու այդ մասին տեղեկացրել զորամասի հրամանատարին։

«Թույլ տվեցինք, որ անծանոթը մոտենա մեզ, որպեսզի կարողանանք ձերբակալել: Մոտենալիս ասացինք՝ «կանգնի՛ր», պատասխանեց՝ «ձերոնցից եմ»։ Այդ ժամանակ ես հասկացա, որ երևի թե դա փնտրվող անձն է։ Հրաման արձակեցի՝ կանգնել։ Ինքը շարունակում էր շարժվել, ես էլ նախազգուշական կրակոց արձակեցի, դրանից հետո անծանոթը կանգնեց, հրամայեցի պառկել գետնին։ Հետո հրաման արձակեցի, որ սերժանտ Ստյոպա Սումբուլյանը պատրաստի իր ավտոմատը: Այդ ժամանակահատվածում ինձ զանգահարեց զորամասի հրամանատարը», - պատմեց Խաչատրյանը։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը վկայի՝ դատարանում տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջև անհամապատասխանություն նկատեց: Մասնավորապես, ըստ փաստաբանի, նախաքննության ընթացքում սահմանապահը հայ քննիչներին չէր պատմել, որ գիշերը փորձել են փնտրել Վալերի Պերմյակովին: Խաչատրյանն էլ հակադարձեց, թե ռուս քննիչներին մանրամասն պատմել է դա, իսկ հայ քննիչներն իրեն այդ մասին չեն հարցրել:

Նախաքննական ցուցմունքում Միխայիլ Խաչատրյանը հայտնել էր, որ միայն առավոտյան է իմացել Պերմյակովի՝ զենքով հենակետից փախչելու մասին։

Հարցին, թե որքան տևեցին որոնողական աշխատանքները, երբ նաև հայկական կողմն էր տեղեկացել կատարվածի մասին, Խաչատրյանը պատասխանեց. - «Մենք առաջին հերթին կանգնած սպասում էինք՝ երբ հայկական կողմը կգա․ նրանք եկան 30-ից 40 րոպե հետո։ Ընդհանուր առմամբ զննությունը շատ արագ կատարվեց՝ 10-15 րոպե։ Առաջին տանը 12 հոգի էին, տան տերն ասաց, որ բոլորը քնած են, աղմուկ չեն լսել, տան մեջ կար ավտոտնակ, մտանք զննեցինք՝ ոչ ոք չկար, հայկական իրավապահների հետ, ովքեր ժամանել էին, ու մենք»:

Նա նշեց, որ Պերմյակովին ինքն ու սերժանտ Սումբուլյանն են ձերբակալել։ «Ես ու սերժանտ Սումբուլյանն ենք ձերբակալել Պերմյակովին, ինչից հետո տարածք է այցելել սահմանապահ զորքերի օպերատիվ խումբը, կատարվածի մասին տեղյակ են պահել հրամանատարությանն ու Պերմյակովին տեղափոխել զորամաս՝ «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով, որից հետո նոր այս ամենի մասին տեղյակ են պահել հայկական կողմին», - ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ Պերմյակվին ձերբակալելուց հետո հարցրել է. - «Սպանությունը դո՞ւ ես կատարել»։ Պերմյակովը պատասխանել է. - «Ոչ։ Ես ոչինչ չեմ արել»։

Հարցաքննությունը դեռ շարունակվում է։ Այսօր որպես վկաներ 16 անձինք են հարցաքննվելու, նրանցից 14-ը Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահներ և ծառայողներ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG