Ամերիկացի գիտնականներին հաջողվել է արձանագրել երկու տիեզերական սև անցքերի բախման գրավիտացիոն ալիքները: Սա բեկումնային հայտնագործություն է, որը հաստատում է շուրջ հարյուր տարի առաջ Ալբերտ Էնշտեյնի կատարած կանխատեսումները:
Այս հայտնագործությունը, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել գիտնականների կողմից ողջ աշխարհում, տիեզերքի և ձգողականության մեր ընկալման նոր հորիզոններ է բացել:
«Մինչև այս պահը մենք մեր աչքերը հառել էինք երկնքին, սակայն չէինք լսում դրա երաժշտությունը», - ասել է Կոլումբիայի համալսարանի աստղաֆիզիկոս Սզաբոլկս Մարկան, ով գրավիտացիոն ալիքները հայտնաբերած խմբի անդամ է:
Աստղաֆիզիկոսների միջազգային թիմը 1.1 միլիարդ դոլար արժողությամբ գերզգայուն մի սարքի՝ Լազերային ինտերֆերոմետրային գրավիտացիոն-ալիքային դիտարանի (LIGO) միջոցով արձանագրել է Երկիր մոլորակից 1.3 միլիարդ լուսատարի հեռավորության վրա գտնվող երկու սև անցքերի բախման ալիքները:
Գրավիտացիոն ալիքները, որոնց գոյության մասին տեսությունը առաջ է քաշել Էնշտեյնը 1916 թվականին՝ հարաբերականության ընդհանուր տեսության համատեքստում, ժամանակի և տարածության բաբախումներ են, այլ կերպ ասած՝ դժվարընկալելի չորրորդ չափում, որը միավորում է ժամանակը տարածական չափումների հետ: