«Կրթություն կրակի տակ» վերնագրված զեկույցում Human Rights Watch-ը փաստում է, որ Արևելյան Ուկրաինայում հակամարտության հետևանքով հարյուրավոր դպրոցներ են ոչնչացվել, դպրոցական շատ շենքեր կողմերը օգտագործել են ռազմական նպատակներով: Պահպանված դպրոցները գործել են վտանգավոր պայմաններում: Շատ դպրոցականներ ստիպված դադարել են դպրոց հաճախել, դպրոցական շենքերի վրա հարձակումներ են իրականացվել: Human Rights Watch-ը հակամարտության կողմերին՝ Ուկրաինայի կառավարական զորքերին և ռուսամետ անջատականներին կոչ է անում քայլեր ձեռնարկել պաշտպանելու դպրոցականների անվտանգությունը, ապահովելու կրթություն ստանալու հնարավորությունները և կանխել դպրոցների օգտագործումը ռազմական նպատակներով:
«Հակամարտության բոլոր կողմերը պատասխանատու են պաշտպանելու երեխաներին և համոզելու, որ ռազմական գործողությունները ապագայում վնաս չեն հասցնի նրանց անվտանգությանը և կրթությանը»,- նշված է իրավապաշտպան միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում:
Ուկրաինայի արևելքում այցելելով 41 դպրոցներ և մանկապարտեզներ, զրուցելով 60-ից ավելի դպրոցականների, ուսուցիչների, տնօրենների ու ականատեսների հետ, զեկույցի հեղինակները արձանագրում են, որ երկու կողմում գտնվող դպրոցական շենքերի վրա հարձակումներ են իրականացվել: Human Rights Watch-ի ուկրաինացի աշխատակից Յուլիա Գորբունովան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ երկու կողմերը դպրոցական շենքերն ու հարակից տարածքները օգտագործում են՝ տեղակայելով զինվորներ ու սպառազինություներ:
«Ռազմական նպատակներով դպրոցական շենքերի օգտագործելը նրանց դարձրել է ռազմական թիրախներ՝ մեծացնելով հարձակման ենթարկվելու և ոչնչացվելու հավանականությունը»,- ընդգծել է նա.- «Մենք նաև դեպքեր ենք արձանագրել, որոնք փաստագրված են զեկույցում և հստակորեն ցույց են տալիս չտարբերակված հարձակումներ, ինչը շատ տարածված է այս հակամարտությունում, երբ կռվողները տարբերություն չեն դնում ռազմական թիրախների ու քաղաքացիական օբյեկտների միջև»։
Զեկույցում նկարագրված է ռուսամետ անջատականների կողմից հրետանային հարձակումը Կրասնահորիվկա բնակավայրի դպրոցի շենքի վրա: Դոնեցկի շրջանում Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ գտնվող այս բնակավայրի դպրոցը ռմբակոծվել է 2015-ի հունիսին, շենքը գտնվում էր ուկրաինական զորքերի հենակետից 700 մետր հեռավորության վրա:
«Դա հրետանային շատ ծանր հարձակում էր, դպրոցը ռմբակոծվել է մի քանի անգամ, իսկ ռազմական հենակետը ոչ մի անգամ: Սա ցույց է տալիս կամ շատ վատ նշանառություն, կամ որ դպրոցի շենքը թիրախ են վերցրել միտումնավոր»,- «Ազատությանը» ասել է Յուլիա Գորբունովան։
Զեկույցը նշում է, որ նման օբյեկտների վրա հարձակումները միջազգային օրենքներով արգելված են և կարող են հետաքննվել որպես պատերազմական հանցագործություններ: Զեկույցը նաև դեպքեր է արձանագրել, երբ ուկրաինական զորքերը, մտնելով դպրոցներ, հաճախ ջարդել կամ այրել են դպրոցական գույքը, աթոռները, գրատախտակները, դասասենյակների դռները: Զեկույցում նշված է, որ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը Human Rights Watch-ի հետ հանդիպմանը ընդունել է, որ կառավարական զորքերը դպրոցական շենքերն օգտագործել են ռազմական նպատակներով:
Երկու կողմերին կոչ անելով պաշտպանել երեխաների անվտանգությունը և կրթության հասանելիությունը՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ ուկրաինական կողմը դա պետք է կատարի՝ միանալով միջազգային փաստաթղթին՝ «Անվտանգ դպրոցներ» հռչակագրին։
Գորբունովան ասել է, որ Կիևը հռչակագրին միանալու կամք է հայտնել: «Դեռ հստակ ժամկետներ չկան, բայց մենք կշարունակենք աշխատել կառավարության հետ և հույս ունենք, որ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում»,- ասել է նա:
Զեկույցը նաև ռուսամետ անջատականներին է կոչ անում հետևել հռչակագրի ուղեցույցին։ Գորբունովան նշել է, որ անջատականները հռչակագրի ուղեցույցին հետևելը պետք է ապացուցեն կոնկրետ գործողություններով: - «Մենք չենք կարող զինյալներին կոչ անել պաշտոնապես ընդունել հռչակագիրը, քանի որ նրանք պետական մարմին չեն։ Մենք կարող ենք նրանց կոչ անել հետևել հռչակագրի ուղեցույցին և շատ հստակ հրահանգներ տալ իրենց հրամանատարության տակ գտնվող բոլոր զորքերին՝ դադարեցնելու օգտագործել դպրոցները ռազմական նպատակներով», - նշել է նա։
2014 թվականի ապրիլից Ուկրաինայի արևելքում սկսված հակամարտությունում 9000 մարդ է զոհվել: 2015-ի սեպտեմբերի հրադադարի համաձայնագրից հետո հարձակումները նկատելիորեն նվազել են, բայց խախտումները, բռնությունները շարունակվում են: