Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական գործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Սերժ Սարգսյանը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա:
Նախագահը փաստել է, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:
Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար, և իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի և զարգացման կարևոր գրավական և մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձևաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաև երկկողմ կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն: