Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ՝ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:
«Գործընթացն ավելի մեծ ծավալներով իրականացվել է մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում: «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները ձյան մաքրման աշխատանքներ են իրականացրել ամբողջ գիշերվա ընթացքում: Մայրաքաղաքի բոլոր ճանապարհներն անցանելի են, ձնամաքրման աշխատանքներն էլ` շարունակական», - ասված է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանը տնտեսվարողներին հիշեցրել է, որ Երևանի ավագանու որոշման համաձայն՝ իրենց օբյեկտների հարակից տարածքներում պարտավոր են իրականացնել ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքներ: «Ողջունելով և գնահատելով բարեխիղճ բոլոր տնտեսվարողների աշխատանքը` մյուսներին ևս հորդորում ենք կատարել իրենց պարտականությունները», - ասված է հաղորդագրությունում: