Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը ևս 112 միլիոնով ավելացավ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Խորհրդարանում այսօր մեկ քվեարկությամբ Հայաստանի արտաքին պարտքը ևս 112 միլիոնով ավելացավ։ Չնայած ընդդիմադիրների բուռն քննադատությանը՝ 78 կողմ, 20 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գումարը հատկացվեց Երևանի քաղաքապետարանին՝ ճանապարհաշինարարության համար։

Երեկ այս հարցի քննարկմանը Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իշխանությունները մարզերին ուշադրություն չեն դարձնում, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ նման մտածելակերպը գավառամտություն որակեց։ Այսօր Մարուքյանը հակադարձեց՝ ավելի լավ է գավառամիտը, քան կեղծավոր քաղքենին։

«Ասում են՝ նենց եք խոսում, ոնց որ դուք էլ մարզերի պաշտպանն եք։ Հա՛, ասենք թե ես մարզերի պաշտպանն եմ, բա դո՞ւք ում պաշտպանն եք։ Էդ ո՞ւմ էիք պաշտպանում էդ ելույթով։ Վարկերն անարդյունավետ ծախսողների՞ն էիք պաշտպանում։ 120-130, 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մենեջերների՞ն էիք պաշտպանում, որոնք միլիոնավոր դոլարների գումարներ են հայտարարագրում»,- հարցրեց Մարուքյանը։

Շարմազանովն ի պատասխան կոչ արեց սովորել լսել բազմակարծությունը.- «Սա պառլամենտ է, ոչ թե գլադիատորական մարտեր»։

Վարկի հաստատումից հետո, պատգամավորները անցան մեկ այլ՝ 40 միլիոն դոլար վարկային համաձայնագրի քննարկմանը։ Մարզային ճանապարհների նորոգման համար նախատեսված այդ ծրագիրն էլ բուռն քննարկումների պատճառ դարձավ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններից առաջ հանրապետականները վարկ են վերցնում՝ ասֆալտ անելով իրենց վարկանիշը բարձրացնելու համար։ Հարակից զեկուցող, իշխող խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ պատասխանեց, որ սա Հանրապետականի նախընտրական ծրագրի մի մասն է։

«Եվ հիմա դուք՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, կարո՞ղ եք բարձրաձայն ասել, որ 2017 թվականի ասֆալտապատման՝ էդ «Հյուսիս-Հարավ» և այլն, էդ ծրագրերը ոչ մի կապ չունեն Հանրապետական կուսակցության գործունեության հետ։ Դրանք պետության, ժողովրդի պարտքի հաշվին են կառուցվում»,- ասաց Փաշինյանը։

«Հանրապետական կուսակցությունը որևէ արտառոց բան չի անում։ Այո՛, նախընտրական ծրագրում խոստումներ է տվել, հիմա էդ խոստումները կատարում է, ընդ որում, օգտագործելով, ինչպես դուք եք ասում, թե՛ բյուջետային ռեսուրսները, թե՛ հանրության խնայողությունները»,- արձագանքեց Հարությունյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ մրցույթներում հաղթում են Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող ընկերությունները։ «Օրինաց երկրից» Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ մեծ թվով ընկերություններ օֆշորում են գրանցված։ Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը հակադարձեց՝ թեև օֆշորում գրանցված ընկերությունները մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն, բայց իրենք նրանց հետ չեն աշխատում։

«Մեր բոլոր մրցույթներին մասնակցում են 2-3 և ավելի կազմակերպություններ։ Դա հնարավորություն է ընձեռում, որպեսզի ձեր բարձրաձայնած խնդիրները իսպառ բացակայեն ոլորտից»,- ասաց փոխնախարարը։

Ընդդիմադիրները քննադատեցին կառավարությանը՝ պնդելով, որ չեն ներկայացրել, թե ինչ է շահելու պետությունը այս վարկերից։ Զարուհի Փոստանջյանն էլ արձանագրեց, որ տարին կրկին սկսել են վարկեր վերցնելով.- «Պարտք ստանալու միջոցով շարունակել ապրելը ուղղակի ինքնասպանություն է»։

Ընդդիմադիրները ողջ քննարկման ընթացքում բարձրաձայնում էին, որ չկան վերահսկողական մեխանիզմներ, և վարկը հաստատելուց հետո իրենք չեն տեղեկանում, թե գումարն ինչպես է ծախսվում։ Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ խորհրդարանում պետք է վարկերը վերահսկելու հստակ մեխանիզմ սահմանել.- «Պիտի ընթացիկ մոնիտորինգ տեղի ունենա, եռամսյակն անցավ, տեսնենք՝ էդ գումարները, որ մենք ենք քվեարկել, հաստատել, ոնց են ծախսվել»։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանի խոսքով էլ՝ նոր Սահմանադրությամբ վերահսկողական մեխանիզմ խորհրդարանը կունենա, այն, սակայն, ուժի մեջ կմտնի 2018 թվականից։

«Մինչ 2018-ը, ես կարծում եմ, պետք է ուժեղացվի գերատեսչական հսկողության համակարգը կամ գործադիրի կողմից հսկողությունը»,- ասաց Մինասյանը։

Այս վարկի քննարկումն այսօր ավարտվեց, ակնկալվում է, որ խորհրդարանի մեծամասնությունը դրան ևս կողմ կքվեարկի։ Տրանսպորտի փոխնախարարը ասաց, որ նախկին ծրագրերը փայլուն են իրականացվել, և իրենք հետագայում պատրաստ են հաշվետվություն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG