Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ թուրքական տեղեկատվությունը, թե «Վատիկանը հետքայլ է կատարել Հռոմի պապի ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է»։
Երեկ ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի դեսպան Մեհմեդ Պաչաջըն վերադառնում է Վատիկան:
Պաշտոնական Անկարան Վատիկանում իր դեսպանին հետ էր կանչել անցած տարվա ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը 1915 թվականի իրադարձությունները անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Այժմ, փաստորեն, Անկարան վերականգնում է Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Թուրքական կողմի այս հայտարարությանը նախորդել էր Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումը, որում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: