Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ստացել է արդարադատության նախարարություն ուղարկած հրատապ հաշվետվության պատասխանը։
«Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը 2016 թվականի հունվարի 18-ից 22-ը կատարել է ուսումնասիրություններ և բժշկական զննություն, որոնց արդյունքում՝ որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր Գևորգ Սաֆարյանի վրա չեն հայտնաբերվել», - ասված է պատասխանում։
Հիշեցնենք, որ հրատապ հաշվետվությամբ խումբը հայտնել էր իր մտահոգությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների, իր կողմից ներկայացված բռնության դեպքի, անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հաշվետվությունում ներկայացվել էին նաև խմբի անդամների կողմից կատարված երկու այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Սաֆարյանի կողմից ներկայացված մանրամասները:
Հրատապ հաշվետվություններում ներկայացվել էին քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել էր արդարադատության նախարարությանը՝ խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել Սաֆարյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Խումբը նշում է, որ հունվարի 20-ին և 21-ին այցելություններ են կատարել «Նուբարաշեն»՝ Գևորգ Սաֆարյանի և այլ ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ ահազանգեր ստանալով: Այցելության ընթացքում արձանագրված խնդիրներն անմիջականորեն քննարկվել են՝ առողջապահության նախարարության և նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչների հետ: Գրության և քննարկման արդյունքում՝ Սաֆարյանին տեղափոխել են այնպիսի խուց, որտեղ բարձրաձայնված խնդիրներն այլևս առկա չեն։
«Սույն թվականի փետրվարի 1-ին, խումբը կրկին այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գևորգ Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել նույն խցում: Սաֆարյանը այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից՝ նրա խոսքերով վերը նշված խցում ապահովված է իր անվտանգությունը», - ասաված է հաղորդագրությունում:
Խումբը գնահատում է Սաֆարյանի բարձրաձայնած խնդիրների լուծմանն ուղղված՝ արդարադատության նախարարության և քրեակատարողական վարչության և քրեակատարողական հիմնարկի ձեռնարկած միջոցառումները: «Հետագա խնդիրների ծագման կանխարգելման հիմնական երաշխիքը առողջապահության նախարարության ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովումն է, ինչպես նաև՝ այն անձանց պատասխանատվության ենթարկելը, որոնց գործունեության և/կամ անգործության պատճառներով ոտնահարվում են մարդու իրավունքները», - համոզմունք է հայտնել խումբը: