Վանաձորում բնակարանային գողության փորձի և ոստիկանների նկատմամբ սպանության փորձի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի երեք բնակիչ:
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում ասված է․ - «Նախնական քննության տվյալներով՝ երեք անձ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը: Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել և կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող, քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի»։
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է նույն օրը Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ առերևույթ հանցագործությունները կատարելու կասկածանքով հունվարի 30-ին ձերբակալվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 23-ամյա Ռ. Ռստակյանը, 25-ամյա Ա. Սարգսյանը և 24-ամյա Ա. Գալստյանը: Հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է: