Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, բացմանը ներկա են եղել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարները, Հայաստանի զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Նախագահը շրջայց է կատարել համալսարանի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել հաստատության ծրագրերին, համալսարանի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հետազոտական-կրթական նպատակներին ծառայող աշխատասենյակների հնարավորություններին, ինչից հետո ներկա է գտնվել համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստին:
Ըստ հաղորդագրության, համալսարանի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն. նախագահի հրամանագրերով, Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման գործում ունեցած ավանդի համար ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանի Դուայդ Էյզենհաուերի անվան ազգային անվտանգության և ռեսուրսների կառավարման ռազմավարության դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Քիգլը, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը, Ռուսաստանի արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: