Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ և նկարագրով ոգեշնչվում են բազմաթիվ երիտասարդ հայրենասերներ: Մենք հպարտանում ենք Ձեզ նման հայրենակիցներով:
Խոնարհվելով Ձեր վաստակի առջև՝ կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում առողջություն և արևշատություն»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան: