Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։
Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիր Աղբյուրի 87-ամյա բնակիչ Կառլեն Իսրաելյանի կացարան, որտեղ վերջինս գտնվել է որդու՝ 57-ամյա Ռազմիկ Իսրաելյանի հետ, և գումար պահանջել։ Մերժում ստանալով՝ տուն ներխուժած անձինք առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել հայր և որդի Իսրաելյաններին, ստացած մարմնական վնասվածքներից հայրը մահացել է, իսկ որդին տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են փորձանմուշներ և նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, փոխանցում է Քննչական կոմիտեն: