Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն խոստանում է նոր ԸՕ-ում այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ ընդդիմադիրները «խոսելու տեղ չունենան»


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյան, արխիվ

Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն, ամենայն հավանականությամբ, խորհրդարան կներկայացնի կառավարությունը փետրվարին, «Ազատությանը» տեղեկացրեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը։ Թե ովքեր են մշակողները, չհստակեցրեց, ասաց՝ երկրորդական հարց է։

«Նստաշրջանը սկսելուն պես խորհրդարանը ձեռնամուխ կլինի Ընտրական օրենսգրքի քննարկումներին»,- ասաց նա։

Նիկոյանի խոսքով՝ քվեարկության վերահսկելիության այնպիսի ձևեր են մտածում ներդնել, որ ընդդիմադիրները խոսելու տեղ չունենան։

«Եթե ընդդիմությունից մեր գործընկերները պահանջում էին մատի թանաքոտում կամ քվեարկությունից հետո ցուցակների հրապարակում և այլն, այն առաջարկը, որը անելու է իշխանությունը, մի քանի մակարդակ շատ ավելի բարձ է լինելու, քան մինչև հիմա եղել են պահանջները»,- հայտնեց ՀՀԿ-ի ներկայացուցիչը.- «Որևիցե մեկը, որ մտավ ընտրական տեղամաս, իր միասնական փաստաթուղթը, ենթադրենք, ID քարտը, այդ էլեկտրոնային համակարգի մեջ մտցնելով, իր նկարն է երևալու, իր տվյալներն են երևալու, և համակարգը ինքն է նրան ասելու՝ դու իրավունք ունես քվեարկելու, թե՝ ոչ։ Մարդը չի որոշելու։ Այսինքն եթե նա մեկ անգամ արդեն քվեարկել է, կարգելվի»։

Կարո՞ղ է նոր համակարգը բավարարել ընդդիմադիրների տարիների պահանջը՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը։ Ամբողջովի՛ն, վստահեցնում է Նիկոյանը.- «Համակարգիչը արդեն իր մեջ դա ներառում է և օրվա վերջում նա տալիս է քվեարկության պատկերը։ Բոլորը կարող են ծանոթանալ դրան։ Լինելու է ամբողջովին հրապարակային, անձի ներգործությունը պրոցեսի վրա հասցվելու է մինիմումի, և դա լինելու է վերահսկելի»։

Մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսն իշխանությանը վերահսկողության մեխանիզմներ էր առաջարկել՝ ուռճացված ընտրացուցակների մաքրումից, մատնահետքերով քվեարկությունից մինչև քվեարկության օրը ինտերնետային հեռարձակում։ Հայտարարել էին՝ առաջարկները մերժելով՝ իշխանությունները ցույց կտան, որ հրաժարվում են ազատ և արդար ընտրությունների անցկացման հեռանկարից։

«Ինչ վերաբերում է ընտրական պրոցեսների վերահսկելիությանը և արժանահավատությանը, ապա կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը իր բոլոր առաջարկները կարող է լուծված տեսնել առաջարկված մեխանիզմներում»,- ասաց Նիկոյանը։

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ նախագիծը մշակողների հետ քննարկումներ են անցկացրել հանրապետականները, «Բարգավաճ Հայաստան»-ի և Դաշնակցության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր ՀԱԿ-ին ու «Ժառանգության»-ը նման հրավերներ չեն հղվել, տեղեկացանք Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից և «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանից։

«Այն քաղաքական ուժերը, որոնք մեզ հետ չեն համագործակցել Սահմանադրական բարեփոխումների հարցում, առաջարկվել է, չեն համագործակցել, կամ մերժողական դիրքորոշում են ունեցել Սահմանադրության նկատմամբ, ապա ի՞նչ է նշանակում նրանց հետ քննարկել այն օրենքները, որոնք բխում են նոր Սահմանադրությունից»,- ասաց Նիկոյանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, այսօր ասել է.- «Հայաստանի հանդեպ միջազգային գործընկերների վերաբերմունքը կախված կլինի նաև ընտրական օրենսդրության ձևավորումից»։

Հանրապետական Նիկոյանն ասում է՝ այնպիսի փոփոխություններ են առաջարկելու, որ բավարարելու է և՛ ընդդիմությանը, և՛ հասարակությանը, և՛ միջազգային գործընկերներին։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իշխանության խոստումներին չի հավատում.- «Ընտրագողին, ընտրակեղծարարին երբևիցե չի կարելի ո՛չ հավատալ, ո՛չ վստահել։ Եթե նրանք նման ցանկություն ունեին և փոխվել են, ապա դեռ 1.5 ամիս առաջ այն, ինչ որ հիմա փորձում են հայտարարել և խաբել, կարող էին կիրառել»։

Փոփոխված Սահմանադրությամբ Ընտրական օրենսգիրքը ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 1-ից։

XS
SM
MD
LG