Մատչելիության հղումներ

ՀԱԿ․ Հիմնական չարիքը «համակարգային ընտրակեղծարարությունն է»


ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը:
ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը:

Նոր Ընտրական օրենսգրքի քննարկումներից առաջ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր առաջարկներն է ներկայացնում իշխանությանը:

«Ընտրել ենք ամենակարևոր, ամենաանհրաժեշտ կետերը, առանց որի պարզապես իշխանությունները միշտ հնարավորություն են ունենալու կեղծելու: Եվ այս կետերը գոնե ախորժակ փակող, զսպող, կաշկանդող կետեր են, առանց որի ուղղակի անհնար է կազմակերպել քվեարկություն և ընդհանրապես ընտրություն: Գոնե դեկտեմբերի 6-ը մեզ համար հստակ էր, որ ժողովուրդը հաղթում է լրիվ ուրիշ թվերով, իրենք լրիվ ուրիշ արդյունքներ են ամփոփում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:

Հիմնական չարիքը համարելով «համակարգային ընտրակեղծարարությունը»՝ ընդդիմադիրները կարծում են, որ պետք է մաքրվեն ուռճացված ընտրացուցակները, հասանելի լինեն ընտրությանը մասնակցածների ստորագրացուցակները, քվեարկության օրը ինտերնետային տեսախցիկներով նկարահանվեն տեղամասային կենտրոններն ու հարող տարածքը՝ բոլոր ցանկացողներին հետո հնարավորություն ընձեռելով ուղիղ հեռարձակմամբ հետևել քվեարկությանն ու հաշվարկին: Բացի այդ, բազմակի քվեարկության բացառման նպատակով պետք է կիրառվի մատների թանաքոտման և ստուգման հասանելի մեխանիզմ կամ անցում կատարվի մատնահետքով էլեկտրոնային քվեարկության ժամանակակից համակարգին:

ՀԱԿ-ը համոզված է, որ պետությունը պետք է ստանձնի ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը, նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս հիմք ընդունի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ նախկինում արած առաջարկները:

«Նշված խնդիրները չլուծելը կնշանակի, որ իշխանությունները հրաժարվում են ազատ և արդար ընտրությունների անցկացման որևէ հեռանկարից», - նշված է ընդդիմադիր ուժի տարածած հայտարարության տեքստում:

«Ընդհանուր առմամբ, մենք հակված ենք այս պահանջները հիմնավորելու խորհրդարանի նստաշրջանի ընթացքում: Ցանկալի կլինի, որ իշխանությունները մինչև այդ արձագանքեն մեր հայտարարությանը, ասեն, որ իրենք պատրաստ են մեզ հետ բանակցելու առաջիկա օրենսդրության անցկացման համար», - հավելեց Մանուկյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իշխանության համար կարևոր է, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը․ - «Եթե նրանք գան և մասնակցություն ունենան, լուրջ փաստեր բերեն, որ՝ այս պարագայի դեպքում մեր առաջարկությունն ավելի լավն է, հնարավոր է նաև իրենց առաջարկություններն անմիջապես ընդունվեն: Դա կլինի նորմալ քաղաքական քննարկում: Եթե նրանք չեն ցանկանում քննարկմանը մասնակցել և իմպերատիվ ձևով գրում են ինչ-որ կետեր և ասում են՝ սա է և վերջ, այսինքն նրանք պարզապես չեն ցանկանում մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցել և տեսնել դրականը և լավը»:

Բաղդասարյանի խոսքով, նախորդ ընտրություններում տեղ գտած «բացասական երևույթները» անհանգստացնում են նաև իշխանությանը:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով մատների թանաքոտման առաջարկին՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, թե ՀԱԿ-ի մտահոգությունը կփարատեն ավելի քաղաքակիրթ ձևով՝ նոր սարքավորումների կիրառմամբ, ու հավելեց, որ այժմ այդ հարցով քննարկումներ են անցկացնում միջազգային կառույցների հետ․ - «Դա հետամնաց տարբերակ է, դա արել են նախնադարում, կամ այն ժամանակ, երբ որ անգրագիտություն էր տիրում, և մարդիկ ստորագրելու հնարավորություն չէին ունենում, այն ժամանակ մատի թանաքոտման միջոցով հաստատում էին իրենց վավերացումը ինչ-որ փաստաթղթի տակ: Դա մեր մենթալիտետին հարիր չէ: Բայց դրան փոխարինող, կրկնակի անգամ ավելի վերահսկվող մեխանիզմներ կառաջարկվի»:

Ուռճացված ընտրացուցակների վերաբերյալ մեղադրանքին նույնպես համաձայն չէ Բաղդասարյանը․ - «Որևէ մեկը իրավունք չունի որևէ քաղաքացու ընտրական իրավունքից զրկելու՝ այն պատճառաբանությամբ, որ նա այդ պահին Հայաստանում չէ: Նա ամեն րոպե, եթե ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է գալ Հայաստան և պահանջել իր ընտրական իրավունքը»:

XS
SM
MD
LG