Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք):
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Բանգլադեշի առաջին դեսպանի առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր ստեղծելու երկկողմ միջպետական կապերի շարունակական զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար: Նախագահն առաջին հերթին կարևորել է իրավապայմանագրային դաշտի ստեղծումը:
Նշելով, որ հայ-բանգլադեշյան հարաբերությունները սկիզբ են առնում դեռևս 17-րդ դարից, և Դաքայի նախկինում հայաբնակ Արմանիթոլա թաղամասում մինչ այսօր կանգուն է հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ակտիվ աշխատանք չի իրականացվել միջպետական կապերի զարգացման և տարբեր ոլորտներում գործակցության ուղղությամբ:
Կողմերի համոզմամբ, Հայաստանում դեսպանի նշանակումը և փոխադարձաբար Բանգլադեշում դեսպան նշանակելու Հայաստանի պատրաստակամությունը վկայում են հարաբերությունները զարգացնելու երկու երկրների քաղաքական կամքի և վճռականության մասին:
Հանդիպմանն ընդգծվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում հայ-բանգլադեշյան համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը: