Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավար Դևիդ Դոուլին, ով ավարտում է իր գործունեությունը Հայաստանում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև իրականացվել և այժմ էլ շարունակում են մի շարք կարևոր ծրագրեր իրականացվել, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման, Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագրերը:
Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Դոուլին կատարած աշխատանքի և Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար:
Իր հերթին, Դևիդ Դոուլը նշել է, որ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության լավագույն օրինակներից է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրը, որն այս տարի նոր թափով կշարունակվի:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի և ԱԶԲ-ի ամուր գործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Դևիդ Դոուլին պարգևատրել է Հայաստանի վարչապետի անվանական ժամացույցով և նրան մաղթել նորանոր հաջողություններ: