Ադրբեջանցի պատգամավորների համար ձմեռային արձակուրդներն ավարտվեցին նախատեսվածից տասն օր շուտ: Նման շտապողականության պատճառը երկրում ստեղծված տնտեսական ծանր կացությունն է:
Ադրբեջանական Միլի մեջլիսն այսօր կեսօրին արտահերթ նիստ գումարեց, որի գլխավոր օրակարգային հարցը 2016 թվականի պետական բյուջեի մասին արդեն իսկ հաստատված օրենքում փոփոխություններ կատարելն էր: Նախորդ տարեվերջին ընդունված այս փաստաթղթում ադրբեջանական նավթի ակնկալվող տարեկան միջին գինը հաշվարկվել էր մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում: Այսօր, սակայն, այդ գինը գրեթե կրկնապատիկ ցածր է՝ ադրբեջանական նավթի մեկ բարելը միջազգային շուկայում այս շաբաթ վաճառում են ամերիկյան 29 դոլարով:
Ֆինանսական շուկայում ստեղծված կացության մասին այսօր Միլի մեջլիսի պատգամավորների առջև բացատրություններով հանդես եկավ Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:
«Մանաթի փոխարժեքը կայունացել է: Լուրերը, թե շուտով մեկ դոլարը երկու մանաթով են վաճառելու, իրականությանը չեն համապատասխանում: Մյուս կողմից, մենք պետք է հստակորեն ըմբռնենք, որ երբ մեկ բարելի գինը 30 դոլարից ցածր է, տնտեսությունը մուտք է գործում մի յուրատեսակ մռայլ գոտի, որտեղ կատարված ծախսերը իրենց արդեն չեն արդարացնում: Այսուհետ մենք պարզապես ստիպված ենք մեր տնտեսությունը կառուցել` ելնելով նավթի մեկ բարելի դիմաց 25-30 դոլար գնից: Ադրբեջանի կառավարությունը, Կենտրոնական բանկը բավարար հնարավորություններ ունեն երկրում մակրոտնտեսական կայունությունը պահպանելու և մանաթի փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելու համար»,- Միլի մեջլիսի նիստի ժամանակ հայտարարում էր Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:
Ադրբեջանի կառավարությունը հանդես է գալիս ֆինանսական շուկայում գործող կանոնների խստացման կոնկրետ առաջարկներով: Դրանցից մեկի համաձայն՝ 50 հազար դոլարից ավելի գումարի` արտերկիր դուրսբերման դեպքում, դրա 20 տոկոսը պետք է փոխանցվի պետական բյուջե: Դրա հետ մեկտեղ, Կենտրոնական բանկի նախագահն առաջարկում է որոշակի զիջումներ անել Ադրբեջանի այն քաղաքացիներին, ովքեր բանկերից մինչև 5 հազար դոլարի վարկ են վերցրել: «Դրա համար մեզանից մոտ 250 միլիոն դոլար կպահանջվի»,- նշում էր Ռուստամովը:
Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեի համոզմամբ էլ՝ այսօր միայն կտրուկ քայլերով է հնարավոր հաղթահարել տնտեսական ճգնաժամը:
«Պետական և կառավարական կառույցները իրեն գործունեության ընթացքում նավթային արդյունաբերության հիմքի վրա ստեղծված տնտեսությունից պետք է անցում կատարեն դեպի հիմնականում ազատական հիմքերի վրա կառուցված հարաբերություններ: Չնայած նավթի գնի գրեթե քառապատիկ նվազմանը, Ադրբեջանի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի ֆինանսավորումից: Դրա հետ մեկտեղ, 2016 թվականի բյուջեի ծախսային մասն ըստ ամենայնի պետք է կրճատվի»,-հայտարարում էր պատգամավորը:
Պատգամավոր Զահիդ Օրուջի կարծիքով՝ հարկավոր է կրճատել երկրում գործող պետական գերատեսչությունների թիվը:
«Ո՞ւմ է պետք, ասենք, էներգետիկայի նախարարությունը, եթե դրա բոլոր գործառույթները կատարում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը»,- դիմելով գործընկերներին՝ հարցնում էր պատգամավորը։
Մեկ այլ ադրբեջանցի օրենսդիր էլ` Գուդրաթ Հասանղուլիևը, որպես բյուջետային մուտքերի ավելացման միջոցներ մատնանշում էր զբոսաշրջության զարգացումն ու պետական սեկտորի սեփականաշնորհումը.- «Հարկավոր է վերացնել տարբեր երկրների, նախևառաջ հարևան պետությունների՝ Թուրքիայի, Իրանի, Եվրամիության հետ գործող վիզային ռեժիմը: Դա հնարավորություն կտա զարգացած պետությունների բնակիչներին մեր երկրում ազատորեն գումար ծախսել: Բացի այդ, եկել է մի շարք պետական կառույցների, օրինակ՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի` AZAL-ի սեփականաշնորհման ժամանակը»։