Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը հացադուլը դադարեցրել է «սպառնալիքների պատճառով»


Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը հունվարի, 2016 թ․
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը: 18-ը հունվարի, 2016 թ․

Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքեր էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում փոխանցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը, «Նոր Հայաստան» շարժման կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանը սպառնալիքների պատճառով է ստիպված եղել դադարեցնել հացադուլը:

Հայրապետյանը պատմեց, որ երկրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Սաֆարյանի պատժախուց են տեղափոխել սպանություն և ավազակային հարձակում կատարած երեք դատապարտյալների, ովքեր էլ հենց սպառնացել են ընդդիմադիր ակտիվիստին․ - «Այդ քրեական հանցագործները բաց տեքստով հայտարարել են՝ մեզ համար ակտիվիստները, կամ այն անձինք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, հավասարազոր են ոստիկաններին, և այդպիսի անձինք չպետք է նույն խցում իրենց հետ մնան: Հաջորդ առավոտ Գևորգը հայտարարել է, որ հացադուլից դուրս է գալիս, որպեսզի տեղափոխվի այլ խուց»:

Գևորգ Սաֆարյանը նախկինում ևս հայտարարել էր իր նկատմամբ ճնշումների մասին: Կալանավորման պահին նա հացադուլով պահանջում էր իրեն տեղափոխել առանձին խուց:

Գևորգի շահերի պաշտպանի համոզմամբ՝ եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չցանկանա, «այդպիսի բաներ տեղի չեն ունենա»: Հայրապետյանը բացառում է պատահականությունը և վստահ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ սադրանք է նախապատրաստվում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Այսօրվա հայտարարությամբ ուզում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել և կանխել Սաֆարյանի նկատմամբ հնարավոր բռնությունները․ - «Մենք նախապես ենք ահազանգում այս մասին՝ որ պետությունը պարտավոր է կալանավորվածների կյանքի, առողջության պահպանության հարցերով զբաղվել: Առավել ևս, երբ քաղաքականությամբ զբաղվող, կամ քաղաքական գործիչների, կամ հասարակական գործիչների գործունեության հետ կապված երբ որ կալանավորում է լինում: Այս դեպքում նաև մենք գործ ունենք քաղաքական գործի հետ, իսկ այն, որ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ է, սա հաստատվում է հենց պետական մարմինների գործողություններով»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս պահին Գևորգ Սաֆարյանը դժգոհ չէ կալանավայրի պայմաններից․ - «Այնտեղ կան իր հետ խցում 6 անձինք, քրեական աշխարհի հետ կապ չունեցող անձինք: Այս խուցը համարվում է փոքր-ինչ պաշտպանված խուց՝ համեմատած մնացած խցերի հետ, որովհետև, Գևորգի ասելով, այս խցում չի տարածվում այդ կրիմինալ աշխարհի ազդեցությունը: Ուղղակի մեր մտավախությունն այն է, թե քանի օր կմնա այդ խցում»:

Ըստ «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի, վարչախումբը չի ապահովում Գևորգ Սաֆարյանի անվտանգությունը․ - «Դա Բաղրամյան 26-ի հրահանգներով կազմակերպվող գործողություններ են»:

Ավետիսյանն այսօր ընթերցեց նաև կալանավայրից Գևորգ Սաֆարյանի հղած խոսքը․ - «Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին: Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր, նաև մեզ չի տրվելու: Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով, որոշ դեպքերում՝ նաև զոհաբերությամբ: Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ և անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում»:

XS
SM
MD
LG