Մատչելիության հղումներ

Վարուժան Ավետիսյան. «Հավանականություն կա, որ Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի»


Եթե Սաֆարյանն ազատ չարձակվի, ապա, ըստ «Նոր Հայաստան»-ի անդամի, «վարչախումբը որոշել է ամբողջությամբ Հայաստանը վերածել անազատ երկրի»։

Լուրջ հավանականություն կա, որ մոտ օրերս Գևորգ Սաֆարյանն ազատ կարձակվի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Իսկ եթե ազատ չարձակվի, դա նշանակում է, որ վարչախումբը որոշել է այլևս սահմանադրական հանրաքվեն կեղծելուց և ամբողջությամբ հակասահմանադրական վիճակ երկրում ստեղծելուց հետո, խստացնել ռեժիմը և ամբողջությամբ Հայաստանը վերածել անազատ երկրի, իսկ դրա ռեսուրսը վարչախումբը չունի, ուրեմն` իր գերեզմանը փորելու փոքր բահը մի կողմ է դրել ու արդեն մեծ բահով է փորում իր գերեզմանը», - ասաց Ավետիսյանը։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, հիշեցնենք, պահանջել է ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին, ով ձերբակալվել է Ամանորի գիշերը, ապա երկու ամսով կալանավորվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

«Ազատության» հարցին՝ հավանական համարո՞ւմ են, որ նամակն իր ազդեցությունը կունենա, Վարուժան Ավետիսյանը արձագանքեց. - «Ամենահավանական տարբերակն այն է, որ Գևորգին ազատ կարձակեն, բայց դրանով կսահմանափակվի»։

Ինչպե՞ս կարելի է ապացուցել ոստիկանների կողմից բռնության փաստերը, երբ բռնությունների հետքեր, ինչպես «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներն են նշում, այլևս չեն մնացել․ այս կապակցությամբ Ավետիսյանը հայտարարեց. - «Հատուկ հանցավոր անգործություն է ցուցաբերվել առաջին հերթին դատախազության կողմից, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության, նաև Քննչական կոմիտեի, որպեսզի հնարավոր չլինի ամանորյա տոների ընթացքում ներկայացնել բողոքները։ Այստեղ պետք է մի հարցի պատասխան տա դատախազությունը, թե այդ դեպքում Գևորգ Սաֆարյանի էպիզոդի մասով, այդ գործը դատախազական վերահսկողության չի ենթարկվել, եթե չի ենթարկվել, ուրեմն համապատասխան մարդիկ, այդ թվում՝ գլխավոր դատախազը պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

«Քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունից գնահատականներ են հնչում, որ դուք վտանգավոր եք և որ ձեզ անհրաժեշտ է մեկուսացնել, և ձեր վտանգավորության մասին նաև կարող ենք առաջիկայում համոզվել, հնարավո՞ր է՝ ձեր դեմ մի նոր գործ հարուցվի», - այս հարցին «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչը արձագանքեց. - «Քիչ հավանական է։ Ամեն ինչ սպասելի է։ Իրենք շատ կուզեին, որ մենք առհասարակ չլինեինք։ Եթե հնարավորություն ունենային, մեզ ֆիզիկապես կոչնչացնեին, ես ուղիղ ասում եմ, բայց ամեն ինչ չէ, որ այդպես ուղիղ, պարզ և հասարակ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG